«Ընտրություններին մասնակցելով՝ ՀԱԿ-ը չի նպաստում իշխանության լեգիտիմացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ ի պատասխան «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի այն դիտարկման, թե ընտրություններին մասնակցելով՝ ընդդիմությունը լեգիտիմացնում է իշխանությանը։
«Մենք չենք նպաստում իշխանության լեգիտիմացմանը: Ցանկացած դեպքում կարող են ասել, թե մենք իշխանության սցենարի մեջ ենք, մինչդեռ քաղաքականության մեջ նման դիրքորոշում չպետք է ունենալ: Պետք է նաև նահանջի տեղեր թողնել»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե սպասվում են ամենաարդար ընտրությունները, Վ. Խաչատրյանն ասաց՝ միամիտ չէ, որ նման բաների հավատա: Ըստ նրա` ՀՀԿ համագումարում Ս. Սարգսյանի ելույթից հետո ոչնչի հավատալ չարժե:
Վ. Խաչատրյանը ներկայացրեց ՀԱԿ-ի ակնկալիքները՝ կապված առաջիկա ընտրությունների հետ, և ասաց. «Ամեն բան պետք է անել սահմանադրական երկիր ստեղծելու համար»:
«Մտնելով պայքարի մեջ՝ ցանկանում ենք մաքսիմալ ձայներ ունենալ ԱԺ-ում։ Մենք որևիցե քվոտա չենք սահմանել, բայց պատրաստ ենք պայքարի»,- նշեց Վ. Խաչատրյանը:
Առաջիկա ընտրությունները համեմատելով նախորդ ընտրությունների հետ` բանախոսն ասաց, որ այժմ ակտիվ միջավայր է ձևավորվել։
«Նախորդ ընտրություններին իրենց ուղին սկսեցին մի շարք նոր քաղաքական ուժեր, իսկ այսօր ՀԱԿ-ն է նոր ուժ: Անցյալ ընտրություններին ընդդիմությունը բավականին ձայներ ստացավ, սակայն խորհրդարան անցավ միայն «Ժառանգություն» կուսակցությունը»,- նշեց Վ. Խաչատրյանը` հավելելով, որ այսօր ՀՀԿ-ն առանց վարչական լծակների ԱԺ անցնելու հնարավորություն չունի, իսկ ՀԱԿ-ն ունի ձայներ ստանալու մեծ հնարավորություն:











































