Խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամերիկյան աշխատանքային այցը բավական ուշագրավ զարգացում է և թերևս վկայում է նախընտրական Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա լրջագույն մրցակցության մասին: Պաշտպանական բնագավառը երկրի առանցքային բնագավառներից մեկն է, ընդ որում Հայաստանի պարագայում այն հանդիսանում է նաև արտաքին, մասնավորապես ռուսական ազդեցության բնագավառներից մեկը: Եվ երբ նախընտրական շրջանում ԱՄՆ նման ուշադրություն է դարձնում Հայաստանի պաշտպանական ոլորտին, որը այսպես ասած դիտվում է ավանդական ռուսական ոլորտներից մեկը, ապա դա ինքնին արդեն խոսուն փաստ է Հայաստանի նախընտրական զարգացումների հարցում Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցության մասով:
Իսկ Սեյրան Օհանյանի այցը բավականին հագեցած և ներկայացուցչական է լինելու: Նա հանդիպելու է Պենտագոնի ղեկավարին, ԿՀՎ ղեկավարին, այլ բարձրաստիճան զինվորականների: Սակայն, այստեղ իհարկե էական է դառնում մեկ այլ հանգամանք: Որքան սրվում է մրցակցությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանում ազդեցության կամ ներկայացվածության հարցում, այնքան Հայաստանի իշխանությունն այդ մթնոլորտում տեսնում է իր համար մանևրի մեծ հնարավորություն, երբ կարող է խաղալ այդ մրցակցության վրա և փոխադարձ խոստումներ շռայլել երկու կողմին, միևնույն ժամանակ էլ խոստումների ամբողջությամբ, զգալի կամ մասնակի անկատարության պատասխանատվությունից խուսափել մյուս կողմին տրվելու շանտաժի միջոցով:
Այլ կերպ ասած, Հայաստանի իշխանությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցությունը օգտագործում է ոչ թե պետության համար կարևորագույն խնդիրների հարցում լուծումներին նպաստելու, պետական շահի համար կարևոր դիվիդենտներ քաղելու, այլ ընդամենը սեփական իշխանական դիրքերը պահպանելու՝ միևնույն ժամանակ էլ երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին ձեռք չտալու համար: Սա իսկապես վտանգավոր խաղ է: Առաջին հայացքից հուսալի, անպարտելի, ցանկացած դեպքում շահող, բայց իրականում չափազանց վտանգավոր խաղ է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա:
Բանն այն է, որ այդ խաղում սպառվում են Հայաստանի ռեսուրսները, ընդ որում ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական: Մյուս կողմից, Հայաստանն այդ խաղում վերածվում է մոլի խաղացողի, երբ պետությունն այլ բանով զբաղված չէ, քան շարունակաբար այս կամ այն քաղաքական կենտրոնի վրա խաղադրույք կատարելով: Այլ կերպ ասած, Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ իրեն սկսել է պահել խաղատուն մտած հաճախորդի նման, ու թեև պետությունը դեռ խաղամոլ չի դարձել, այնուհանդերձ շատ մոտ է այդ ճակատագրին, եթե չգիտակցվի այդ խաղի ամբողջ վտանգավորությունը և շահեկանության չափազանց կարճաժամկետ լինելը:
Մինչդեռ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև սրվող մրցկցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում սեղանին ոչ թե իշխանության պահպանման խաղադրույք, այլ խոշոր նախագծեր դնել, որոնք առնչվում են մեր պետությանը, մեր տնտեսական զարգացման, անվտանգության խնդիրներին, քաղաքական կենտրոնների մրցակցությունը ծառայեցնելով այդ նախագծերի համար աջակցության փնտրտուքին: Սակայն, բավական է նայել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակին, հասկանալու համար, որ այդ ցուցակն ու դրա հեղինակները եթե ինչ որ բան փնտրում են այս կյանքում, ապա ազդեցիկ հովանավորներ իրենց անձնական իշխանության և բիզնեսի համար:










































