Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը մարտի 12-ին Թուրքիայի նոր Սահմանադրության հետ կապված հարցերի քննարկումից հետո այդ երկրի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին է հանձնել առաջարկությունների փաթեթ, ուր ներառված են եղել հայ համայնքին հուզող 10 հարցեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը:
Նրա տեղեկացմամբ, Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները հիմնական շեշտը դնում են էթնիկ հավասարության վրա: «Մյուս կետերն են՝ հավասարություն, համակեցություն, ազատասիրություն, խղճի և կրոնի ազատություն, կազմակերպվելու և արտահայտվելու ազատություն, ուսուցման ազատություն, մշակութային իրավունքներ, բնության պահպանություն, կալվածատիրական իրավունք և հայրենակցություն: Եթե ինձ հարցնեք, բոլոր կետերից ամենակարևորները ուսուցման ազատությունն ու կալվածատիրական իրավունքն են: Ինչպես հայտնի է, մեր ունեցած արժեքավոր կալվածքները անիրավ կերպով խլվել են»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Հատտեճյանը նկատեց, որ Արամ Աթեշյանի խոսքերով, իրենք բոլորն էլ շատ են ցանկանում, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը մոր նման հոգատար լինի ազգային փոքրամասնությունների նկատմամբ:











































