Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի` ԻԿՕՄՕՍ-ի քարտուղարությունից և ԻԿՕՄՕՍ/Կանադայից վաղ առավոտյան տեղեկացրել են, որ մահացել է մշակութային ժառանգության անվանի և ճանաչված պրոֆեսիոնալ Հերբ Ստովելը: Հիշատակի խոսքում ասվում է.«Հերբ Ստովելը բացառիկ գործընկեր էր և ժառանգության պահպանության ու վերականգնման բնագավառում մտքի ու գործողությունների հավաստի աղբյուր, բնագավառ, որին կապված էր խորապես»:
1990-1993թթ. լինելով միջազգային ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր քարտուղարը և ԻԿՕՄՕՍ/Կանադայի նախագահը, այնուհետև ղեկավարելով ԻԿԿՌՕՄ-ի ժառանգության բաժանմունքը` նա մեծապես նպաստել է միջազգային ԻԿՕՄՕՍ-ի տևական բարեփոխումների առաջընթացին. մասնավորապես անգնահատելի են նրա ջանքերը ԻԿՕՄՕՍ-ՅՈՒՆԵՍԿՕ-ԻԿԿՌՕՄ գործընկերության և որպես Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի խորհրդակցական մարմին` ԻԿՕՄՕՍ-ի մանդատի կայացման ուղղությամբ:
«Ժառանգության իսկության գնահատման, հասարակության համար ժառանգության արժեքների ըմμռնման, կրթության միջոցով ժառանգության պահպանության նկատմամբ պատասխանատվության դաստիարակման շուրջ նրա խորհրդածությունները նման են կտակի, որը մշտապես ոգեշնչող է»,- ասված է ԻԿՕՄՕՍ/Կանադայի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հերբ Ստովելը ժառանգության պահպանության և վերականգնման բնագավառի կարևորագույն ուղեցույցներից մեկի` 1994թ. ճապոնական Նարա քաղաքում ընդունված Նարայի փաստաթղթի հեղինակներից էր: Նրա գործունեությունը բարձր է գնահատվել ինչպես իր հայրենիքում` Կանադայում (Ժակ Դալիբար շքանշան), այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում: 2006թ. նա արժանացել է Լիտվայի Նախագահի հատուկ մրցանակին` Վիլնյուս քաղաքի պատմական ժառանգության պահպանության ծրագրին ցուցաբերած մեծ աջակցության համար: 2011թ. նոյեմբերին Հերբ Ստովելը արժանացել է ԻԿԿՌՕՄ-ի մրցանակին, որը 1979 թվականից տրվում է 2 տարին մեկ պարμերականությամμ` ժառանգության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ԻԿԿՌՕՄ-ի գաղափարների տարածման համար:
Ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ միջազգային հանդիպումներում Հերբ Ստովելը մշտապես հետաքրքրված էր հայկական ժառանգությամբ, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ/Կանադայի իր գործընկերների հետ միասին 2008թ. Քվեբեկում ընդունված Ջուղայի պատմական գերեզմանատան ավերումը դատապարտող բանաձևի ընդունման ջատագովներից էր:











































