Վերջին 20 տարիների ընթացքում հայ ժողովուրդն իրական ընտրություն կատարել է մեկ անգամ՝ 88 թվականին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
«Մեր երկրում ոչինչ չկա՝ բացի առևտրից: Բայց եթե մարդկանց հնարավորություն ընձեռվի, նրանք կհասկանան, որ նոր փոփոխություններ են պետք, և նոր 88 կլինի: Երկրում, իրոք, հեղափոխություն, արժեհամակարգի փոփոխություն է անհրաժեշտ, որն այս իշխանությունները չեն կարող ապահովել: Ընտրական գործընթացները մեր երկրում կատարվում են ժողովրդի կամքից անկախ: Երկիրը ղեկավարվում է դրսի ուժերի կողմից: Այս պարագայում մեզ պետք է ոչ թե ընդդիմանալ, այլ լինել այնպիսին, ինչպիսին կանք»,- ասաց նա:
Մանուչարյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցությունն ու կռիվը ոչ թե կուսակցությունների միջև են լինելու, այլ մարդկային տեսակների՝ ազնիվների և խարդախների:
Անդրադառնալով իշխանության մեջ օլիգարխիայի ներկայացվածության խնդրին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները վաղ թե ուշ դատապարտված են տարրալուծման:
Նա նաև հույս հայտնեց, որ կարվեն քայլեր, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրությունները կվերածեն իրական ընտրությունների:
«Իսկ կանխատեսումներ չեմ անում ոչ թե այն պատճառով, որ պատկերացում չունեմ, այլ նրա համար, որ ով էլ հայտնվի ԱԺ-ում, իրավիճակը նույնն է լինելու՝ նույնիսկ Հայ ազգային կոնգրեսը, որը չօգտագործված շատ հնարավորություններ ունի: Իսկ չօգտագործված հնարավորությունները հետևանք են ՀԱԿ-ի՝ ավանդական ճանապարհով գնալու: Նրանք մտածում են, որ հիմնական գործը կանեն միայնակ՝ քաղաքական գործիչներով՝ այնքան էլ չկարևորելով երիտասարդ ուժի համախմբումը: Մինչդեռ եթե ՀԱԿ-ը միավորի իր շուրջ համախմբված երիտասարդ ուժը, զգալի հաջողություններ կգրանցի»,- ասաց Մանուչարյանը:







































