Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն այսօր հաստատել է Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման և ֆինանսավորման օրինագիծը, որն այս տարվա հունիսին կգա փոխարինելու Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Համաձայն ԵՄ երկրների ծրագրի՝ Եվրոպական կայունացման մեխանիզմի ծավալը կհասնի 500 միլիարդ եվրոյի: Գերմանիայի, որպես ԵՄ ամենամեծ տնտեսության, մասնաբաժինը կկազմի 21.7 միլիարդ եվրո: Բեռլինը հայտարարել է, որ արդեն իսկ այս տարի մտադիր է Եվրոպական կայունացման մեխանիզմին ապահովել 8.78 միլիարդ եվրոյով:
Եվրոգոտու անդամ երկրները, ինչպես սպասվում է, մինչև մարտի վերջը վերջնական որոշում կկայացնեն Եվրոպական կայունացման մեխանիզմի ծավալները մինչև 750 միլիարդ դոլար ընդլայնելու վերաբերյալ: Գերմանիան պաշտոնապես դեմ է այդ ընդլայնմանը, քանի որ այն ենթադրում է նաև Եվրոպական կայունացման մեխանիզմում կապիտալի Գերմանիայի համապատասխան ներդրումը: Սակայն այդ հարցում միջազգային ճնշումը Բեռլինի վրա ավելի ու ավելի է աճում:








































