Երգչուհի Շուշան Պետրոսյանը հաստատել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու պատգամավոր դառնալու համար: Հանրապետականը քրեաօլիգարխիկ հեղինակություններին իր համամասնական ցուցակում փորձում է փոխել, այսպես ասած, շոու-հեղինակություններով: Ինչպես երևում է, այդ ամենի մեջ, մեծ հաշվով, չկա խորհրդարան հասկացության գիտակցում, և Հանրապետականը ոչ թե փորձում է բարձրացնել խորհրդարանի մակարդակը օրենսդրական և քաղաքական ֆունկցիոնալ իմաստով, այլ ընդամենը փորձում է խաբել հասարակությանը:
Դա իսկապես պարզ խաբեություն է, երբ, ասենք, ինչ-որ մականունավոր գործարարի ասում են՝ գնա և խորհրդարան մտիր մեծամասնականով ու այնտեղ կմիանաս մեզ, իսկ հանրությանն ասում են՝ տես, ինչ պարկեշտ և արվեստալից դեմքեր ենք տանում խորհրդարան, որ ծառայեն քեզ: Իրականում այդ դեմքերը ծառայելու են մականունավոր օլիգարխիայի իշխանությունը շղարշելուն, և այստեղ իհարկե հասարակությանը խաբելու լիմիտը լիովին սպառված է: Այստեղ, սակայն, կա նաև մեկ այլ հանգամանք, որի վրա գուցե արժե ուշադրություն դարձնել:
Շուշան Պետրոսյանը մեկն է այն, այսպես ասած, շոու-բիզնեսի աստղերից, որոնք 2008 թվականի Մարտի 1-ից հետո զանազան գնահատականներով և մեկնաբանություններով սատարում էին իշխանությանը, քննադատում էին ընդդիմությանն ու անկարգությունների համար մեղադրում խաղաղ ցուցարարներին: Ամենակարկառունն իհարկե Նունե Եսայանն էր, որի լեզուն պտտվեց՝ հայտարարելու, որ եթե մարդիկ մահացել են, ապա հենց իրենք էլ մեղավոր են մահանալու համար՝ թող այնտեղ չլինեին ու չզոհվեին: Թվում է, որ Եսայանը պետք է լիներ առաջինը այն, այսպես ասած, աստղերի շարքում, որոնք տեղ են ստանալու ՀՀԿ համամասնական ցուցակում: Բայց, ըստ երևույթին, ՀՀԿ-ն էլ անգամ գիտակցում է, որ Նունեն մի բան է ասել, որպիսին թույլ տալու համար դժվար է ասել, թե ինչ կրոնի և խղճի ներկայացուցիչ պետք է լինես: Դրա համար էլ ընտրել են Շուշանին, քանի որ նա շատ ավելի մեղմ, նրբանկատ ձևով էր չորս տարի առաջ սպասարկում Մարտի 1 իրականացրած իշխանությանը: Բացի այդ էլ, գուցե իհարկե կա նաև Պետրոսյանի ամուսնու հանգամանքը, որը ոստիկանության աշխատող է և էլի ակտիվ դերակատարում է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Գուցե Պետրոսյան ընտանիքին իշխանությունը փորձում է վարձահատույց լինել փաթեթով: Իհարկե, մյուս կողմից չի էլ բացառվում, որ, աստղերին ներգրավելով ցուցակներ, իշխանությունն ընդամենը փորձում է ապահովել խորհրդարանական ձանձրալի նստաշրջանների գոնե երաժշտական դադարները: Սակայն, այնուհանդերձ, ամեն ինչ կարծես թե այդքան վատ չէ, ինչքան թվում է առաջին հայացքից:
Բանն այն է, որ իշխանության գործողություններն իրենց մեջ հանրային իմաստով բավական առողջ միտումներ են պարունակում, գուցե նաև՝ ակամայից: Այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, ռեժիսորներ, այլք, հանդիսանում են Հայաստանում իշխող դասի հաստատած կեղծիքի և երեսպաշտության միջավայրի առարկայական օղակներից մեկը: Եվ կային հանրային շերտեր, որոնք այդուհանդերձ կուլ էին գնում այդ օղակին և տրվում էին այն սեթևեթանքներին, որ տարբեր հանրային թեմաներով ժամանակ առ ժամանակ դրսևորում էին այդ «աստղերը»: Խորհրդարանի ընտրությանը ներգրավվելով իշխանական սցենարներում, ընդ որում՝ արդեն ոչ թե պարզապես սպասարկող երգիչների, այլ ուղղակի դերակատար սուբյեկտների կարգավիճակով, այդ սեգմենտը պարզապես երգում է իր «կարապի երգը», և փաստացի կտրվում է Հայաստանի իշխող համակարգի կեղծիքի, կռապաշտության և երեսպաշտության միջավայրը սպասարկող շղթայի ևս մի օղակ:
Իշխանությունն այդ օղակը փաստորեն կտրում է իր իսկ ձեռքով: Դրա համար թերևս արժե ողջունել այդ քայլը, որը գուցե թե փոքր, բայց, այդուհանդերձ, կարևոր քայլ է Հայաստանի միջավայրի ֆիլտրացիայի գործընթացում, որ մեկնարկեց 2008 թվականի նախագահի ընտրության գործընթացից և տարբեր դինամիկայով կշարունակվի հավանաբար դեռ տևական ժամանակ:










































