Սիրիահայերի շրջանում հայրենիք վերադառնալ ցանկացողների թիվը բավական մեծ է. վկայությունը նրանցից ոմանց՝ ԼՂՀ, ավելի կոնկրետ՝ Քաշաթաղի շրջան գալն է՝ հետագա բնակություն հաստատելու նպատակով տեղանքի պայմաններն ուսումնասիրելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Սիրիահայերի մոտ հայրենիք վերադառնալու ցանկությունը շատ մեծ է և ոչ նոր: Նման ցանկություն վաղուց կա, սակայն ՀՀ ապիկար, ապազգային ռեժիմի պատճառով այդ ցանկությունն իրականություն դարձնելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել: Հայաստանյան իշխանություններին մարդկանց այդ մղումը չի հետաքրքրում: Նրանք չեն ուզում, որ ներգաղթի գործընթաց սկսվի, քանի որ լրիվ հակառակ բան են անում՝ դատարկում են մեր երկիրը: Սա է պատճառը, որ ԼՂՀ իշխանությունները պետք է գիտակցեն պահի պատմական նշանակությունը և կարողանան գրկաբաց ընդունել սիրիահայերին՝ պետական մոտեցում ցուցաբերելով այս գործընթացին»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ Հայաստան և ԼՂՀ վերադառնալ ցանկացող սիրիահայերի մեջ մեծ թիվ են կազմում հատկապես գյուղաբնակները: «Հայտնի է, որ ամիսներ առաջ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով Սիրիայում Հայաստանի հյուպատոսություն տասնյակ հազարավոր հայեր էին դիմել: Բայց քանի որ մենք պետություն չունենք, վստահ եմ, որ այս հարցում բավական մեծ դժվարություններ են ծագելու»,- ասաց Սեֆիլյանը:









































