Երկուշաբթի Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիան դատարանում պաշտպանել է դոպինգ օգտագործելու մեջ մեղավոր ճանաչված մարզիկներին մինչև կյանքի վերջ որակազրկելու իր քաղաքականությունը:
Ըստ BBC-ի՝ կազմակերպությունը մտադիր է 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին արգելել մասնակցել այնպիսի բրիտանացի մարզիկների, ինչպիսիք են սպրինտեր՝ կարճ տարածության մրցավազորդ Դուեյն Չեմբերսը և հեծանվորդ Դևիդ Միլերը, եթե նույնիսկ նրանք անցնեն նախընտրական գործընթացը:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը երկուշաբթի սպորտային հարցերի Միջնորդ դատարանում կփորձի վիճարկել Մեծ Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի այս քաղաքականությունը՝ պնդելով, որ եթե մարզիկն արդեն մեկ անգամ որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար, ապա կարող է կրկին մասնակցել մրցաշարերին:
Բրիտանիան աշխարհում միակ երկիրն է, որը դոպինգ օգտագործող մարզիկներին որակազրկում է մինչև կյանքի վերջ:
Ըստ Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի՝ այս խիստ դիրքորոշումը արտացոլում է օլիմպիական արժեքները, և դրանցից հրաժարվելու դեպքում երիտասարդ մարզիկներին սխալ ուղերձ կուղարկվի:








































