Մարտի 9-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:
Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում:
Իր խոսքում Գարեգին 2-րդը, ի դեմս նախարարի, նաև երախտագիտություն հայտնել Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:
Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը փոխանցել է Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:
Նախարարն Ամենայն հայոց կաթողիկոսին է ներկայացրել նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:










































