РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ խումբը՝ «Վեցյակը» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Գերմանիա), համատեղ հայտարարություն է ուղարկել ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդին, որում Իրանին կոչ է արել առանց նախապայմանների սկսել լուրջ երկխոսություն:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ երկխոսությունն անհրաժեշտ է՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված կասկածները փարատելու համար: Բացի այդ, փաստաթղթում Իրանից պահանջվում է ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ տալ այցելել «Փարչին» ռազմական օբյեկտ, ինչից Իրանը նախկինում հրաժարվել է:
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանը համաձայնել է, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն այցելեն «Փարչին», սակայն ընդգծել է, որ դա կպահանջի տևական ժամանակ: ԱԷՄԳ-ն իր հերթին Իրանին մեղադրում է «Փարչինում» անցանկալի և վարկաբեկող տարրերը հապպշտապ մաքրելու մեջ:











































