ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը մտադիր է մարտի 8-ին ընդունել կանանց հանդեպ գործադրվող բռնություններին հակազդող օրենք: Թուրք օրենսդիրները մտադիր են այն հավանության արժանացնել Կանանց միջազգային օրը:
Օրինագիծը ստացել է «Կանանց հանդեպ բռնությունների կանխման և ընտանիքի պաշտպանության» անունը: Սակայն դրա դրույթները չեն գոհացրել թուրք կանանց, քանի որ օրինագծում ներառված չեն տվյալ խնդրի բոլոր պահանջները:
Իրավապաշտպանները պահանջում են օրինագծի անվանումը փոխել հետևյալ կերպ. «Կանանց ու ընտանիքի անդամների պաշտպանության մասին» օրենք: Նրանք հավելում են, որ դրանում ներառված չէ ոստիկանության ու դատախազության շրջանակներում հատուկ բաժինների ստեղծման պահանջը, որոնք կզբաղվեն բացառապես թուրք կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների խնդրով: Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդն ակտիվորեն աջակցում է այդ օրենքի ընդունմանը:
Հիշեցնենք, որ վիճակագրական տվյալները վկայում են, որ թրքուհիների ավելի քան 40 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ ենթարկվել են այս կամ այն տիպի բռնության:
Ի դեպ, օրեր առաջ Islam News-ը հայտնեց, որ Թուրքիայում ստեղծվել է ոստիկանական հատուկ ստորաբաժանում, որի առաջադրանքը ընտանիքի անդամների կողմից գործադրվող կենցաղային բռնություններից Ստամբուլում բնակվող կանանց պաշտպանությունն է:
Ստորաբաժանումը համալրվում է բացառապես կամավորներով, որոնք անտարբեր չեն տվյալ խնդրի նկատմամբ: Ներկա դրությամբ այդ հատուկ խումբն ունի 100 անդամ, որոնց կեսը կանայք են: Բոլոր ոստիկաններն անցել են ընտանեկան վեճերի կարգավորման նախապատրաստական երկշաբաթյա դասընթացներ:










































