Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնության 66 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը դարձավ բրոնզե մեդալակիր` պարտության մատնելով թուրք մարզիկ Յաղուպ Գորին:
Մինչ այդ հայազգի մարզիկը ևս երեք մենամարտ էր անցկացրել՝ պարտության մատնելով ավստրիացի մարզիկ Ջորջ Մերչլին, այնուհետև՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Էմին Ազիզովին և կիսաեզրափակիչում 0:4 հաշվով զիջել ռուս մարզիկ Ալան Գոգաևին։
Նորընծա մրցանակակիրը 23 տարեկան է, ծնվել է Չերկեսկ քաղաքում: Վերջին տասնամյակում նրա ընտանիքը բնակություն է հաստատել Կրասնոդարում: Դավիթն այնտեղ է հրապուրվել ազատ ոճի ըմբշամարտով և մարզվել Եվրոպայի նախկին չեմպիոն Աբդուլլա Մոհամեդովի ղեկավարությամբ:
Մինչև Հայաստան տեղափոխվելը Դավիթը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն: Դավթին երեք տարի առաջ հորդորել է Հայաստան տեղափոխվել հայրը` մարզաձևից ԽՍՀՄ սպորտի վարպետ, համամիութենական երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր և մեծահասակների չորրորդ մրցանակակիր Հովհաննես Սաֆարյանը:
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Գալստյանն, իր առաջին մենամարտում պարտվեց հունգարացի Տամաշ Ֆյոդորին և դուրս մնաց հետագա պայքարից։





































