Այսօր` մարտի 5-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
-Դուք ասացիք, որ Սերբիայի հետ խաղը վարկանիշային չէր, բայց կան աղյուսակներ, ըստ որոնց` հավաքականը 3 տեղով նահանջել է:
-Էական նշանակություն չունի 44-րդ, թե 48-րդ տեղում ենք: Վարկանիշը նշանակություն չունի: Եթե ես վարկանիշի ետևից ընկնեմ, վնաս կհասցնեմ խաղացողներին:
-Ռաֆայել Նազարյանը ներկա էր Բուլղարիայի մասնակցությամբ ընկերական խաղին: Դուք զրուցե՞լ եք նրա հետ:
-Նա ասաց, որ մեր հավաքականն ավելի ուժեղ է: Բայց այդ խաղում նրանց ուժեղագույն 3 խաղացողներ բացակայում էին հիմնական կազմից: Հայաստանի հավաքականի հետ խաղին նրանք այլ կազմով կներկայանան:
-Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցներից ո՞րն է ամենաանհարմարը Հայաստանի հավաքականի համար:
-Բոլոր թիմերը խաղում են տարբեր մարտավարությամբ, որոնք ես դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրեմ: Մեզ համար ավելի հեշտ է խաղալ ուժային ֆուտբոլ ցուցադրող թիմերի հետ, որոնք խաղում են երկար փոխանցումներով: Ամենակարևորն այն է, որ խաղացողները զերծ մնան վնասվածքներից և խաղերին ներկայանան իրենց օպտիմալ մարզավիճակով:
-Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը պատկառելի ֆուտբոլային տարիք ունեն: Եթե վաղը նրանք որոշեն ավարտել իրենց մարզական կարիերան, նրանց փոխարինողներ կլինե՞ն:
Հուսով եմ` Բերեզովսկին ու Հովսեփյանը դեռ երկար կխաղան: Հովսեփյանին փոխարինող ունենք, իսկ դարպասապահների դեպքում այլ է և մենք պետք է սպասենք, քանի որ դարպասապահը բարձրակարգ խաղ ցուցադրում է 26-27 տարեկան հասակում: Կան նաև բացառություններ, բայց դրանք տաղանդներն են:






































