Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Այն օրը, երբ Պանուրգը չի կարողանա ծիծաղեցնել Էսսե (հատված)

«Կեսգիշերվա զավակները» վեպի լույսընծայմամբ, որն այն ժամանակ (1980) միահամուռ հիացմունք առաջացրեց, ոչ ոք անգլոսաքսոնյան գրական աշխարհում արդեն չէր կասկածում, որ Ռուշդին այժմեականության ամենաօժտված վիպագիրներից մեկն է: «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, որն անգլերեն տպագրվել էր 1988 թվականի սեպտեմբերին, հարուցեց այնպիսի հետաքրքրություն, ինչին որ արժանանում են շատ մեծ գրողները:

Գիրքը մեծարանքների արժանացավ, սակայն ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, թե ինչպիսի փոթորիկ էր այն հարուցելու մի քանի ամիս անց, երբ Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան կդատապարտի աստվածանարգության համար և նրա հետքերով կուղարկի վարձու մարդասպաններին. այդ որսի վերջը չի երևում:

Դա տեղի ունեցավ մինչև վեպի թարգմանությունը: Ամենուր, բացի անգլոսաքսոն աշխարհից, վարկաբեկությունը կանխեց գրքի հրապարակումը: Ֆրանսիական մամուլում տեղնուտեղը հայտնվեցին հատվածներ դեռևս չտպագրված վեպից, որպեսզի հասկանալի դառնային Ռուշդիին մահվան դատավճիռ կայացնելու պատճառները: Այդ գործողությունները միանգամայն բնական են, բայց կործանարար ցանկացած վեպի համար: Ներկայացնելով վեպը բացառապես հեղինակին մեղսադրող պասաժներով` արվեստի ստեղծագործությունն ի սկզբանե վերածեցին հանցակազմի: Ես երբեք չեմ չարախոսում գրական քննադատության հասցեին: Քանզի գրողի համար չկա ավելի վատ բան, քան դրա բացակայությանը բախվելը: Ես խոսում եմ գրական քննադատության մասին որպես մեդիտացիայի, որպես վերլուծության, գրական քննադատության մասին, որն ունակ է բազմիցս գիրքը վերընթերցել, որի մասին ուզում է խոսել (ինչպես մեծ երաժշտությունը, որը կարելի է նորից նոր լսել, անվերջ, մեծ վեպերը նույնպես ստեղծված են բազմակի ընթերցման համար), գրական քննադատության մասին, որը խուլ է այժմեության ժամերի անողոք տկտկոցին, բայց պատրաստ է քննարկելու, երեսուն կամ երեք հարյուր տարի առաջ ծնված ստեղծագործությունները, գրական քննադատության մասին, որը ջանում է հասկանալ որևէ ստեղծագործության նորությունը սոսկ այն բանի համար, որպեսզի այդ կերպով մտնի պատմության գիրքը: Եթե վեպի պատմությունը չուղեկցվեր համանման մեդիտացիաներով, այսօր մենք ոչինչ չէինք իմանա ոչ Դոստոևսկու, ոչ Ջոյսի, ոչ Պրուստի մասին: Առանց քննադատության` ցանկացած ստեղծագործություն սուբյեկտիվ կարծիքների բաժին կդառնար և շուտափույթ մոռացության կմատնվեր: Ի դեպ, Ռուշդիի դեպքը ցուցադրեց (եթե դեռևս պահանջվում էր ապացույց), որ համանման մեդիտացիաներն այլևս չեն կիրարկվում:

Գրական քննադատությունն անողորմորեն, ակամա, հանգամանքների բերումով, հասարակության և մամուլի զարգացման բերումով վերածվել է հասարակ (հաճախ ոչ տխմար, մշտապես փութկոտ) լրատվության` գրականության նորույթների մասին: «Սատանայական բանաստեղծություններ»-ի դեպքում գրական նորությունները հեղինակին դատապարտեցին մահվան: Այդպիսի իրավիճակում, երբ խոսքը կյանքի ու մահվան մասին էր, համարյա անպարկեշտ էր թվում արվեստի մասին խոսելը: և իրոք, ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստը սպառնալիքի ենթարկված մեծ սկզբունքների հանդիման: Բացի այդ, ողջ աշխարհում բոլոր մեկնաբանությունները դիտարկել են լոկ սկզբունքների պրոբլեմատիկան` խոսքի ազատությունը, այն պաշտպանելու անհրաժեշտությունը (և իրոք, այն պաշտպանում էին, բողոքում էին, հանրագրեր էին ստորագրում), կրոնը, իսլամը և քրիստոնեությունը, քննարկում էին նաև, թե արդյոք հեղինակն աստվածանարգության ու դրանով հավատացյալներին վիրավորելու բարոյական իրավունք ունի: Կար և այսպիսի կասկածանք` իսկ գուցե Ռուշդին հատուկ է իսլամը պսակազերծել, որպեսզի գովազդի ինքն իրեն և վաճառի գիրքը, որն անհնա՞ր է կարդալ:

Հանելուկային միահամուռությամբ (ես այդ վերաբերմունքին ականատես եմ եղել ողջ աշխարհում) գրողները, ինտելեկտուալները, սալոնների մշտական հաճախորդներն ամբարտավան կեցվածք ընդունեցին վեպի հանդեպ: Նրանք որոշեցին գեթ մեկ անգամ դիմադրություն ցուցաբերել կոմերցիոն ճնշմանն ու հրաժարվում էին կարդալ այն, ինչն, ըստ իրենց կարծիքի, իրենից սոսկ սենսացիայի առարկա էր ներկայացնում:

Նրանք ստորագրում էին Ռուշդիի պաշտպանությանը վերաբերող բոլոր հանրագրերը, ընդ որում` նրբագեղ համարելով սնոբի քմծիծաղով արտաբերելը` «Նրա գի՞րքը: Դե ոչ, ես այն չեմ կարդացել»: Քաղաքագետներն օգտվեցին վիպագրի հանդեպ այդ զարմանալի «շնորհազրկման վիճակից»: Երբեք չեմ մոռանա առաքինի անկողմնակալությունը, որը նրանք այն ժամանակ ցուցադրում էին` «Մենք դատապարտում ենք Հոմեյնիի դատավճիռը: Խոսքի ազատությունը մեզ համար սրբազան է: Բայց ոչ պակաս մենք դատապարտում ենք հարձակումները կրոնի վրա: Անարժան, խղճուկ հարձակումներ, որոնք վիրավորում են ժողովուրդների հոգիները»:

Դե իհարկե, այժմ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ Ռուշդին հարձակվել է իսլամի վրա, քանզի միակ իրականությունը հենց մեղադրանքն էր` գրքի տեքստն արդեն ոչ մի նշանակություն չուներ: Այն այլևս գոյություն չուներ:

Երեք դարաշրջանների բախումը

Պատմության համար բացառիկ իրավիճակ` ծագումով Ռուշդին պատկանում է մուսուլմանական խմբակցությանը, որի մեծ մասը ժամանակագրորեն ապրում է դեռևս Նոր ժամանակին նախորդող դարաշրջանում: Նա իր գիրքը գրել է Եվրոպայում Նոր ժամանակում, կամ ավելի ճիշտ` այդ դարաշրջանի վերջում:

Այնպես, ինչպես իրանական իսլամը հեռանում էր այն ժամանակ կրոնական զսպվածությունից, դեպի մարտնչող աստվածապետության կողմը, այդպես էլ վեպի պատմությունը` Ռուշդիի հետ անցնում էր Թոմաս Մաննի մեղմ պրոֆեսորական ժպիտից դեպի անսանձ երևակայություն, որ ներշնչանք էր քաղում կրկին հայտնաբերած ռաբլեական հումորի ակունքից: Ծայրահեղության հասցրած հակադրությունները հանդիպեցին:

Այդ տեսանկյունից Ռուշդիի դատապարտությունը պատահականություն կամ խելագարություն չէր, այլ խորագույն ընդհարման տեսք էր առնում, որն առաջացել էր երկու դարաշրջանների միջև` աստվածապետությունը դատապարտում է Նոր ժամանակին և որպես թիրախ ընտրում է նրա ամենահամոզիչ հորինվածքը` վեպը: Չէ՞ որ Ռուշդին չի աստվածանարգել: Նա չի հարձակվել իսլամի վրա: Նա վեպ է գրել: Բայց աստվածապետական ուղեղի համար դա ավելի վատ է, քան հարձակումներն իսլամի վրա:

Եթե հարձակվում են կրոնի վրա (բանավեճի ընթացքում աստվածանարգելով կամ հերձվածողություն արտահայտելով), տաճարի պահապանները կարող են հեշտությամբ պաշտպանել այն իրենց սեփական տարածքում, սեփական լեզվով, բայց նրանց համար վեպը այլ տիեզերք է, այլ աշխարհ, այլ գոյաբանական հիմքի վրա կառուցած` ինֆերնում, որտեղ միակ ճշմարտությունն ուժ չունի և որտեղ սատանայական երկիմաստությունը ցանկացած համոզվածություն հանելուկի է վերածում: Շեշտենք դա` ոչ թե հարձակումները, այլ երկիմաստությունը. «Սատանայական բանաստեղծություններ»-ի երկրորդ մասը (այսինքն` մեղսադրվող մասը, որտեղ հիշատակվում են Մուհամեդն ու իսլամի ծագումը) ներկայացված է որպես Ջաբրիլ Ֆուրիշտայի երազը, ով դրա հիմքի վրա ցածրորակ ֆիլմ կստեղծի, որտեղ կխաղա հրեշտակապետի դերը: Այսպիսով, պատմությունը երկակիորեն հարաբերական է (ամենից առաջ` որպես երազ, իսկ այնուհետև` որպես վատ ֆիլմ, որը ձախողման ենթակա է), այն ներկայացված է ոչ որպես հաստատում, այլ որպես հայտնագործություն` խաղ: Վիրավորակա՞ն հայտնագործություն է: Ես դա վիճարկում եմ, այն ստիպեց ինձ հասկանալ, առաջին անգամ կյանքում, իսլամական աշխարհի և կրոնի պոեզիան:

Ես պնդում եմ` վեպի հարաբերականության աշխարհում ատելությունը տեղ չունի. այն վիպագիրը, ով վեպ է գրում, որ հաշվեհարդար տեսնի (լինի դա անձնական, թե գաղափարական), գեղագիտական կործանման է դատապարտված` վերջնական ու հաստատ: Այշան, մի աղջիկ, ով տեսիլքներով բռնված համագյուղացիներին տանում է մահվան, անշուշտ հրեշ է, բայց դրա հետ մեկտեղ նա գայթակղիչ է, հիասքանչ (նրան ամենուր ուղեկցող թիթեռների լուսապսակով), սրտաշարժ, նույնիսկ աքսորում գտնվող իմամի դիմանկարում (Հոմեյնիի երևակայական դիմանկարը) մենք համարյա հարգալից հասկացողություն ենք տեսնում, արևմտյան այժմեականությունը կասկածամտորեն է ընկալվում, այն ոչ մի կերպ չի գերազանցում արևելյան հնաբանությունը, վեպը «հետազոտում է հոգեբանական և պատմական» հինավուրց սրբազան տեքստերը, բայց այն նաև ցույց է տալիս, թե որքան են դրանք արժեզրկվել հեռուստատեսությամբ, գովազդով, զվարճանքների արտադրությամբ, գուցե թե գոնե ժամանակակից աշխարհն անարգող ձախերը հեղինակի լիակատար համակրանքի՞ն են արժանանում: Դե ոչ, նրանք արտասվելու չափ անհեթեթ են ու նույնպես անբարո, ինչպես և շրջապատը. ոչ ոք լիովին ճիշտ և սխալ չի լինում հարաբերականության այս վիթխարի կարնավալում, որն էլ հենց այս ստեղծագործությունն է: «Սատանայական բանաստեղծություններ»-ում վեպի արվեստը, որպես այդպիսին, դատապարտման ենթարկվեց: Այդ պատճառով այս տխուր պատմությունից ամենատխուրը` Հոմեյնիի դատավճիռը չէ (որը սերում է դաժան, բայց հետևողական տրամաբանությունից), այլ Եվրոպայի արվեստներից ամենաեվրոպականը` վեպի արվեստը բացատրելու և պաշտպանելու (համբերատար բացատրել ինքն իրեն և մնացյալներին) անընդունակությունը, այլ կերպ ասած` սեփական մշակույթը բացատրելն ու պաշտպանելը: «Վեպի զավակները» լքեցին իրենց ձևավորող արվեստը: Եվրոպան` «վեպի հասարակությունը» հրաժարվեց ինքն իրենից: Ես չեմ զարմանում այն բանից, որ Սորբոնի աստվածաբանները, 16-րդ դարի գաղափարական ոստիկանությունը, որ այնքան խարույկներ վառեցին, Ռաբլեի կյանքը դարձրին բավականաչափ դժվարին, ստիպելով նրան փախչել ու թաքնվել:

Բայց առավել զարմանալի ու հիացմունքի արժանի է թվում ինձ օգնությունը, որը նրան տրամադրեցին այն ժամանակվա զորեղ մարդիկ, օրինակ` կարդինալ դյու Բելլեն, կարդինալ Օդեն և գլխավորապես Ֆրանցիսկ 1-ինը, Ֆրանսիայի թագավորը:

Նրանք կամենում էին որոշակի սկզբունքնե՞ր պաշտպանել: Խոսքի ազատությու՞նը: Մարդու իրավունքնե՞րը: Նրանց գործողությունների դրդապատճառն առավել վսեմ է` նրանք սիրում էին գրականությունն ու արվեստը:

Այսօրվա Եվրոպայում ոչ մի կարդինալ դյու Բելլե, ոչ մի Ֆրանցիսկ 1-ին չկա: Բայց Եվրոպան դեռևս մնու՞մ է Եվրոպա: Այլ խոսքով ասած` «վեպի հասարակություն»:

Այլ կերպ ասած` նա կենու՞մ է դեռ Նոր ժամանակի մեջ: Մի՞թե այն չի անցնում այլ դարաշրջան, որը դեռ անուն չունի, որի համար իր արվեստները քիչ բան են նշանակում: Ուրեմն էլ ինչու՞ զարմանալ, որ նա չափազանց հուզված չէ, երբ իր պատմության մեջ առաջին անգամ վեպի արվեստը, որն ամենից առաջ իր արվեստն է, մահվան է դատապարտված: Մի՞թե այս նոր դարաշրջանում, որը հաջորդում է Նոր ժամանակին, վեպն արդեն միառժամանակ չի ապրում մահվան դատապարտվածի կյանքով:

Ռուսերենից թարգմանեց՝ Վարդան Ֆերեշեթյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում