Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու «Ուեսթ Բրոմվիչ»-ի հարձակվող Պիտեր Օդեմվինգեն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ և ֆուտբոլիստ:
Փետրվարին լոնդոնյան ակումբը կրկին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: «Զինագործներ»-ն իրենց հանդիպումը ոչ-ոքի ավարտեցին «Բոլթոն»-ի հետ (0:0), որից հետո տարան անընդմեջ 3 հաղթանակ` «Բլեքբեռն»-ի (7:1), «Սանդերլենդ»-ի (1:2) և «Տոտտենհեմ»-ի (5:2) հետ խաղերում: Ֆրանսիացին իր մարզական կարիերայում 12-րդ անգամ ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ:
Անցած ամսվա ընթացքում «Ուեսթ Բրոմվիչ»-ը նույնպես անցկացրեց 4 հանդիպում: Օդեմվինգեն «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում (1:5) իր հաշվին ձևակերպեց հեթ-տրիկ, իսկ «Սանդերլենդ»-ի հետ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ:
30-ամյա նիգերիացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց իր մարզական կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ:










































