Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայումս Վրաստանը երրորդ աշխարհի (թույլ զարգացած) երկրների շարքից թռիչք է գործել դեպի առաջին աշխարհ.
«Մինչև «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը գտնվում էր երրորդ աշխարհի երկրների մակարդակին: Այժմ ամբողջովին փոխվել է մտածելակերպը: Այն, ինչ այսօր անում է Վրաստանը, հանդիսանում է երրորդ աշխարհից ոստյուն դեպի առաջին աշխարհ:
Իսկ դա նշանակում է, որ հասարակական կապերի և որ գլխավորն է՝ ժողովրդի նկատմամբ կառավարության հարաբերությունների հարցում մեր երկիրը գտնվում էր երրորդ աշխարհի հետամնաց երկրների թվում:
Նմանատիպ հեղափոխություններ տեղի ունեցան նաև Ուկրաինայում, Լիբանանում և այլ երկրներում, սակայն օտարերկրացիների գնահատմամբ՝ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ հեղափոխությունից հետո փոփոխություններ կատարվեցին»:
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 2-4-ը։ Հեղափոխության հիմնական մոտիվը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումն էր։
«Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին։










































