Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը համատեղության կարգով նաև պատգամավոր է և ՀՀԿ խորհրդի անդամ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ ինքն առաջադրվի մեծամասնականով: Հայրապետյանը միևնույն ժամանակ ասել է, որ ԱԺ-ն՝ այո, իր տեղը չէ, բայց կուսակցությունը որոշել է, և ինքը կատարելու է այդ որոշումը:
Նրա այս հայտարարությունն ունի երկու ուշագրավ կողմ: Նախ՝ Հայրապետյանը փաստորեն բացահայտում է Սերժ և Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունների փարիսեցիությունը, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու: Բանն այն է, որ առնվազն դատարկաբանություն է, եթե համամասնական ցուցակի մասով հայտարարվում է, թե գործարարներ չեն լինելու, իսկ մեծամասնականի մասով էլ նույն այդ հայտարարության հեղինակները որոշում են, որ գործարար Հայրապետյանը, օրինակ, պետք է առաջադրվի: Ուշադրություն դարձրեք՝ Հայրապետյանը չի ասել, թե ինքն է որոշել առաջադրվել: Նա ասել է, որ կուսակցությունն է դա որոշել: Իսկ ինքը անկեղծորեն խոստովանում է, որ ԱԺ-ն իր տեղը չէ: Եվ սրանով էլ բացահայտվում է մեկ այլ ուշագրավ կողմ:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը ոչ միայն գործարարներին հեռու չի պահում խորհրդարանից՝ առնվազն ՀՀԿ գործարարներին, այլև նույնիսկ նրանց խորհրդարան է ուղարկում իրենց կամքին հակառակ: Այսինքն՝ մարդը ինքը խոստովանում է, որ ԱԺ-ն իր տեղը չէ, սակայն կուսակցության ղեկավարությունը նրան պարտադրում է առաջադրվել և գնալ խորհրդարան: Մինչդեռ Հայրապետյանի այդ խոսուն օրինակը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն իրականում ոչ միայն ստիպված չէ զիջել գործարարների ճնշմանն ու նրանց մանդատ տալ, այլ նրանց իսկ կամքին հակառակ նրանց մտցնում է խորհրդարան: Իսկ թե ինչու՝ մնում է միայն ենթադրել:
Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը չի ցանկանում գործարարներին ազատել իշխանության համար, այսպես ասած, քաղաքական պատասխանատվությունից: Բանն այն է, որ երբ գործարարները դուրս մնան խորհրդարանից, ապա իշխանությունն այլևս ստիպված է լինելու ամբողջությամբ կրել իր իսկ ձևավորած խորհրդարանի պատասխանատվությունը: Մինչդեռ գործարարների առկայությունն այնտեղ մի հանգամանք է, որին մշտապես կարելի է վերագրել համակարգային արատները, առնվազն՝ ևս հինգ տարի: Ըստ երևույթին դրա համար էլ, հայտարարելով, թե խորհրդարանում խոշոր գործարարներ չեն լինի, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ մտափոխվեց. իսկ ո՞ւմ վրա պետք է բարդել այս կամ այն արատի պատասխանատվությունը, խորհրդարանի կամակատարությունը, եթե ոչ այդ ամենակեր օլիգարխների:
Փաստորեն, առաջիկա հնգամյակի համար Սարգսյանն ապահովում է, այսպես ասած, «անպարտելի» տարբերակ, երբ մի կողմից հանրությանը կասվի, թե տեսեք, ինչպես գոնե համամասնականի մասով հեռացրինք գործարարներին իշխանությունից, իսկ մյուս կողմից էլ մեծամասնականի մասով նրանց կպահեն՝ դեռ որոշ ժամանակ էլ պատասխանատվության թիրախներից մեկը դարձնելով նրանց, որ հինգ տարի անց էլ հանրությանը խոստանան, թե հիմա էլ մեծամասնականով կհանեն գործարարներին խորհրդարանից:
Սակայն, այդ ամենից բացի, իրավիճակը նաև հերթական անգամ վառ կերպով ի ցույց է դնում, որ Հայաստանում իշխում է ոչ թե կուսակցությունը, այլ պալատական մի համակարգ, որտեղ թագավորական հրամանները պարտադիր են բոլորի համար և չեն քննարկվում: Կամ էլ ՀՀԿ-ն ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ պարզապես բանակ, որտեղ եթե եղավ հրաման, ապա պետք է կատարվի անվերապահ, ինչպիսին էլ այն լինի: Հակառակ դեպքում, Ռուբեն Հայրապետյանը, օրինակ, կհրաժարվեր պատգամավորությունից, եթե համարում է, որ դա իր տեղը չէ: Ինչպես կարող է մարդը հանրօգուտ աշխատանք կատարել, եթե գտնվում է մի տեղում, որն իրենը չէ: Բայց նրանից ոչ ոք, բնականաբար, հանրօգուտ աշխատանք չի պահանջում: Նրանից պահանջվում է ընդամենը դեմ չգնալ կուսակցության հրամաններին:
Իսկապես, կարելի է պարզապես կարեկցել ՀՀԿ-ականներին, որ հայտնվել են այդպիսի զորանոցային պայմաններում: Միայն թե նրանց բախտը բերել է, որ գոնե, ի տարբերություն իրական բանակի, ՀՀԿ զորանոցներում նրանց չեն ենթարկում հոգեբանական և ֆիզիկական բռնության և չեն մղում ինքնասպանության: Թեև՝ ով գիտե:








































