ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 2012թ. մարտի 1-ին ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ա. Մկրտումյանը շնորհավորել է Ա. Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կատարված նախկին աշխատանքներին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը մասնավորապես նշել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուների տպագրությունը, որը կարևոր և մեծ աշխատանք էր, ինչը չափազանց օգտակար է հատկապես դատավորների, փաստաբանների, դատախազների, իրավաբանական բուհերի ուսանողների և ընդհանրապես իրավաբանական գործունեություն ծավալող անձանց համար:
Ա. Սորոկինը վստահեցրել է, որ սերտ համագործակցությունը կշարունակվի:








































