Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ, աշխարհի վերջը չէ։ Միաժամանակ հայկական կողմի` ավելորդ, ժամանակից շուտ էյֆորիայի մեջ ընկնելն անտեղի էր: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Այդ որոշումը, հակառակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, Ֆրանսիային հարիր որոշում չէր և հետևանքն էր քաղաքական գործընթացների ու թուրքական կողմի ճնշումների: Ընդ որում, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մի քանի անդամների վրա ազդելն ավելի հեշտ էր, քան Սենատի մեծաթիվ ներկայացուցիչների:
Թուրքիան այս անգամ հատկապես կատաղի էր տրամադրված, քանի որ գիտակցում էր՝ օրինագծի ընդունումը կարող է նախադեպ դառնալ»,- ասաց նա` հավելելով, որ հայկական օրինագծի ընդունումը հնարավոր է ինչպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերընտրվելու, այնպես էլ նրա սոցիալիստ հակառակորդի հաղթանակի դեպքում:
«Բացի այդ, ֆրանսահայ լոբբին շատ ազդեցիկ է, մինչդեռ այդպիսին չէ թուրքական լոբբին, որը թվաքանակով գերազանցում է հայկականին: Սա, սակայն, մեզ չպետք է հանգստացնի, չպետք է քնած մնանք, պետք է համակարգենք մեր ուժերը»,- նկատեց Անուշ Հովհաննիսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, թուրքագետ Հակոբ Չաքրյանն իր հերթին նկատեց, որ հայկական օրինագծի ձախողումից հիասթափվել պետք չէ, քանի որ նախաձեռնությունը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական կողմինն էր, հետևաբար սեփական հեղինակության հարցում պետք է անհանգստանա հենց Ֆրանսիան:
«Մենք պետք է նման գործընթացներին սառնասրտորեն վերաբերվենք, քանի որ դրանք չեն կարող ազդել Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Միաժամանակ, ինձ մի հարց է հետաքրքրում` ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հապաղեց ստորագրել վերոնշյալ օրինագիծը: Նա երևի դանդաղեց օրենքին առավել մեծ կարևորություն տալու համար, իսկ ինչ վերաբերում է նրա անկեղծությանը, ապա այն կասկածի տակ չեմ կարող դնել»,- նկատեց Հակոբ Չաքրյանը:
Ամփոփելով` թուրքագետներն անդրադարձան թուրքական կողմի բողոքներին` բացել հայկական արխիվները Ցեղասպանության առնչությամբ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու համար, և հիշեցրին, որ հայկական արխիվներն, ի տարբերություն թուրքականների, բաց են:
«Արխիվները չէ, որ պետք է ապացուցեն Հայոց ցեղասպանությունը: Այն արդեն իսկ ապացուցված փաստ է»,- նկատեց Անուշ Հովհաննիսյանը:









































