Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցներում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին լրագրողները հարց ուղղեցին՝ վերջին քառօրյային ինչո՞ւ էին բացակայում ՕԵԿ խմբակցության պատգամավորները։ «Խմբակցությսն պատգամավորների մի մասը մասնակցում էր, մի մասը մարզերում էր. մեկ-մեկ էլ թող իրենք բացակայեն»,- պատասխանեց Հ. Բիշարյանը:
Անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին՝ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն ասաց՝ կողմ էինք այդ օրենքին՝ ինչո՞ւ չպետք է ունենալ նման օրենք, և հավելեց. «Որպեսզի արտակարգ դրության ժամանակ ցանկացած հրահանգ կատարվի, իսկ չկատարվելու դեպքում օրենքի սահմաններում պատժվեն»:
Հարցին` բանակի ներգրավման հնարավորությունները չե՞ն անհանգստացնում Բիշարյանին, վերջինս պատասխանեց. «Բանակը պետք է պաշտպանի ժողովրդին, այլ ոչ թե հանդես գա ժողովրդի դեմ»: Նա հավելեց՝ եթե կան հակասություններ, ապա պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը քվեարկելիս ՕԵԿ-ը Արթուր Բաղդասարյանի՞, թե՞ ՀՀԿ դիրքորոշմամբ է առաջնորդվելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրերս ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց Արթուր Բաղդասարյանի մեկնաբանությունը Սահմանադրության վերաբերյալ, որտեղ նա շեշտել էր, որ բանակը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացներին։
«Անհեթեթ հարց եք տալիս: Կուսակցությունն է որոշում, թե ինչպես է քվեարկում»: Լրագրողների փորձերին՝ այնուամենայնիվ, ճշտել, ՕԵԿ-ը քվեարկելու է Արթուր Բաղդասարյանի՞ դիրքորոշման համաձայն, թե՞ ՀՀԿ-ի, տիկին Բիշարյանը անվերջ կրկնում էր` անհեթեթ հարց է…










































