ԱՄՆ-ի կողմից Իրաքում ռազմական գործողությունների մասնակից վետերանները հինգշաբթի երեկոյան հավաքվել էին Սպիտակ տանը` մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ` Միշելի կողմից հրավիրված հանդիսավոր ընդունելությանը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` ընթրիքին ներկա է եղել Iraqi Freedom և New Dawn գործողություններին մասնակից ավելի քան 200 զինծառայող ԱՄՆ 50 նահանգներից:
Իր հակիրճ ճառում Օբաման կոչ է արել ներկաներին հարգել զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակը ու կենաց ասել այն մարդկանց պատվին, ովքեր ծառայության մեջ են:
«Նրանց կենացը, ում մենք սիրում ենք, այն տղամարդկանց ու կանանց, ովքեր պաշտպանում են երկիրը: Չկա առաքելություն՝ ավելի դժվար ու մարտահրավեր՝ ավելի նշանակալից: Այն դժվարություններն ու փորձությունները, որ բաժին են ընկնում մեզ, միայն ավելի ուժեղ են դարձնում, և մենք գիտենք՝ Ամերիկայի լավագույն օրերն առջևում եմ: Ու դա մենք կտեսնեք ձեր շնորհիվ»,- ասել է Օբաման:
Ընդունելությանը ներկա է եղել նաև Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարտին Դեմփսին, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ազգային անվտանգության խորհրդի անդամներ, բաձրաստիճան պաշտոնյաներ:
Ընդունելության գլխավոր ուտեստը եղել է սթեյք՝ բեռնեզ սոուսով և տապակած կարտոֆիլով: Նախագահական խոհարարները զինծառայողների համար պատրաստել են նաև լոլիկով, մոցարելլա պանրով և ռեհանով աղցան: Որպես դեսերտ է մատուցվել շոկոլադե կրեմ բրյուլե:
ԱՄՆ-ն Իրաքից իր զինված ուժերը դուրս բերելու պատրաստակամության մասին հայտարարեց 2011 թ. դեկտեմբերին: 2003-2010 թթ. Իրաքում ծառայել է ամերիկացի 1 մլն զինծառայող, որոնցից շուրջ 4.5 հազարը զոհվել են, 30 հազար մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:







































