Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Փարչինը դա ռազմական և ոչ թե միջուկային օբյեկտ է.
«Փարչինի ռազմական օբյեկտում չի իրականացվում միջուկային գործունեություն: Փարչինի ռազմական օբյեկտում ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից ստուգումներ անցկացնելը չի մտնում այդ կազմակերպության լիազորությունների մեջ:
Օտար քաղաքացիների կողմից այդ օբյեկտ այցելելու թույլտվության մասին որոշում կարող է կայացնել Իրանի հրամանատարությունը: Իրանի բոլոր միջուկային օբյեկտները պատրաստ են ԱԷՄԳ-ի տեսուչների այցին: Սակայն դա չի նշանակում, թե ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են մեր երկրի ցանկացած աշխարհագրական կետում ստուգումներ անցկացնելու պահանջներ ներկայացնել»:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԷՄԳ-ի տեսուչներն արդեն իսկ երկու անգամ այցելել են Իրան, սակայն երկու դեպքում էլ նրանց չի թույլատրվել այցելել Փարչին, ինչը պատճառաբանվել է նրանով, որ դա ռազմական և ոչ թե միջուկային օբյեկտ է:








































