Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ 2011 թ. յուրաքանչյուր եռամսյակում իրականացվել է մոտ 700-800 մլն դրամի էլեկտրոնային առևտուր: Այս ծավալները զգալիորեն քիչ են, քան հնարավորությունները, եթե իհարկե երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, որ վերջին 2 տարում կատարված աշխատանքների արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք ներկայացվել են կառավարություն:
«Հիմնական արդյունքն այն է, որ հասկացանք, թե ինչ է պետք անել: 2 տարի առաջ, որ սկսում էինք գործընթացը, բավականին մակերերսային էին պատկերացումները անելիքի մասին: 2 տարվա ընթացքում մոտ 8 մեծ քննարկում տեղի ունեցավ, որտեղ մասնավոր ու պետական հատվածները քննարկեցին խնդիրները, առաջացան այն ֆոկուս հարցերը, որոնց վրա պետք է կենտրոնանալ: Այսօր օրակարգը՝ ինչ պետք է անել, հստակ է: Եթե ցանկություն լինի այդ ամեն ինչն անել, կարելի է ամիսների ընթացքում ստեղծել նոր ենթակառուցվածք, որը կապահովի էլեկտրոնային առևտրի իրականացումը»,- ասաց Կ.Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հանդիպում է սպասվում վարչապետի հետ կամ ՏՏ Զարգացման աջակցության խորհրդի շրջանակում: Օրակարգում տեղ գտած առաջնահերթ խնդիրներից Կ. Վարդանյանը նախ նշեց «էլեկտրոնային առևտուր» հասկացության սահմանումը, որը հիմքերի հիմքն է: «Երկրորդ՝ մեր ամբողջ առևտուրը դիզայն է արված ֆիզիկական առևտրի վրա և մեր ներմուծում-արտահանումն էլ նախագծված ու կառուցված է մեծաքանակ ներմուծումների-արտահանումների վրա: Ֆինանսական համակարգն էլ համապատասխանաբար նախագծված և կառուցված է ամենաշատը բանկային քարտերով գործարքների վրա, և ոչ թե ինտերնետային քարտերով: Այս 3 ուղղությամբ պետք է փոփոխություններ արվեն»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Հայաստանը մի շարք միջազգային համաձայնագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են սուրհանդակային ծառայություններին և, դրանց համաձայն, կան միջազգայնորեն ընդունված հայտարարագրման ձևեր: Ըստ Կ. Վարդանյանի՝ ՀՀ-ն համաձայնել է դրանց, սակայն չի կիրառում, մինչդեռ այդ ձևերի կիրառումը զգալիորեն կհեշտացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային առևտրով զբաղվելը: Ներկայում սուրհանդակային ծառայությունների հետ կապված մաքսային գործընթացները պետք է փոփոխվեն, որովհետև այսօր ձևակերպումները պարտադիր է բրոքերի միջոցով կատարել, չնայած բրոքերի ծառայության գինը կարող է մի քանի անգամ թանկ լինել վաճառվող ապրանքի գնից: Ընդ որում` մաքսավճարները սահմանված են խոշոր խմբաքանակների ապրանքների համար և հարաբերականորեն մեծ չեն, սակայն փոքր ապրանքի դեպքում ձևակերպման արժեքը կարող է շատ ավելի մեծ լինել ապրանքի գնից, և առևտուրը պարզապես շահավետ չի լինի:
«Եթե ըստ ներկրվող գնի ենք ուզում մաքսազերծումն անել, ապա ընկերությունը պարտավոր է դիմել ՊԵԿ՝ ստանալու համապատասխան թույլտվություն: Երբ մոտ 1000 ներկրող կա, դա կառավարելի է, բայց երբ էլեկտրոնային առևտուրն աշխատի, ներկրողների քանակը կարող է տասնյակ հազարներից անցնել, և այդ պայմաններում ոչ մի ՊԵԿ այս ծավալի աշխատանք չի կարողանա անել: Այսինքն` մաքսային ձևակերպումների գործընթացները պետք է փոխվեն»,- ասաց Կ. Վարդանյանը:
Նրա կարծիքով` հարցերի մյուս խոշոր փաթեթը վերաբերում է նրան, որ Հայաստանն ինտերնետի միջավայրում չի սպասարկում այլ երկրներում բաց թողնված Visa և Master քարտերը: Սպասարկելու համար պետք է ՀՀ բանկերից մեկը համապատասխան արտոնագիր ունենա, օրինակ՝ Visa E-Commerce, և մյուս բանկերին ծառայություն տրամադրի, որպեսզի դրսից կարողանան ՀՀ-ում առևտուր անել, հյուրանոց վարձել և այլն, ինչը կնպաստեր նաև զբոսաշրջության զարգացմանը: «Այս առումով մի քիչ հավի-ձվի պատմությունն է` բանկերն ասում են` մենք այդ արտոնագիրը չենք գնում, որովհետև հայտնի չէ, թե ինչ ծավալի առևտրաշրջանառություն կլինի, մյուս կողմից էլ, եթե այդ լիցենզիան չլինի ու շուկան չաշխատի, դժվար է գնահատել, թե ինչ ծավալ կունենա նույն շուկան: Դրա համար դիմել ենք Կենտրոնական բանկին, որպեսզի որևէ բանկի համաֆինանսավորեն արտոնագրի ձեռքբերման գործում»,- հայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Ըստ նրա՝ խնդիրներ կան նաև փաստաթղթերի հետ, որ ընկերությունը էլեկտրոնային փողերի շարժի մասին տեղեկությունը ստանում է ընդամենը էլեկտրոնային նամակի ձևով և չի կարողանում ծախսագրել: Այստեղ կառավարության որոշման փոփոխության կարիք կա՝ հստակեցնելու համար, թե ծախսերի հիմնավորող փաստաթղթերը որոնք են:
Էլեկտրոնային առևտրի զարգացման առումով խոչընդոտներ կան նաև ֆիզիկական անձանց մասնակցության դեպքում. որոշակի սահմանափակումներ կան, որ 180 օրվա մեջ կարելի է առանց մաքսային ձևակերպման միայն 1 անգամ էլեկտրոնային առևտուր անել 20 կգ և 150 հզ. դրամի սահմաններում: Կ. Վարդանյանի կարծիքով՝ պետք է նույն շրջանակում թույլ տալ մի քանի գործարք, կարելի է նաև գումարի սահմանն էլ բարձրացնել: Օրինակ՝ ՌԴ-ում գումարի սահմանը մի քանի անգամ բարձր է: «Այստեղ հասկանալի է նաև մաքսայինի դիրքորոշումը, որը չի կարողանում այդ ամենն այսօրվա տեխնիկական պայմաններում վերահսկել: Հուսով ենք, որ անձի էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրումը հնարավորություն կտա իսկապես ֆիքսել, թե մարդը ինչ գումարի, քանի անգամ է առևտուր արել, և հարկերից խուսափելու խնդիր չի լինի»,- ասաց Կ. Վարդանյանը:








































