Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն չի ողջունում քաղաքում ռուսական հոգևոր-մշակութային ուղղափառ կենտրոնի կառուցումը քաղաքի կենտրոնում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգություն: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Դելանոեն համոզված է, որ նախագիծը, որով նախատեսվում է եկեղեցու կառուցում` զարդարված 5 ոսկե գմբեթներով ու մշակութային կենտրոնի հետ միացած ապակյա միջանցքով, կխաթարի Փարիզի պատմական քաղաքի ներդաշնակ տեսքը:
Նրա կարծիքով`ցանկացած շինարարություն Սենայի ափին, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ, անհնար է առանց միջազգային փորձագետների համաձայնության: Նա նկատել է, որ նախագծի մրցույթում ներկայացված կային ավելի հաջող նախագծեր, որոնք հաշվի էին առնում ֆրանսիական մայրաքաղաքի ներդաշնակությունը:
«Սենայի ափին ժամանակակից ճարտարապետական կառուցները հազվադեպ են: Դրանցից է Արաբական աշխարհի ինստիտուտը և Պրիմիտիվ արվեստի թանգարանը»,- ասել է նա:
Հունգվարի վերջին Ռուսաստանը Փարիզի պրեֆեկտուրա դիմում էր ներկայացրել Սենայի ափին` Էյֆելյան աշտարակից ոչ հեռու, ուղղափառ եկեղեցի կառուցելու հայցով: Մոսկվան հույս ունի թույլտվություն ստանալ 2012 թ. գարնանը, իսկ աշնանը նախատեսվում է հիմնարկեքի արարողությունը:







































