Top.rbc.ru-ն գրում է, որ 2001 թվականից ի վեր հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել առնվազն չորս մահափորձ՝ ուղղված Ռուսաստանի նախկին նախագահ և ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ:
2001 թվականին Պուտինի Ադրբեջան այցելության ժամանակ Իրաքի քաղաքացին ծրագրել էր պայթեցնել միանգամից մի քանի ռումբ` ներկայիս վարչապետի ավտոշարասյան ճանապարհին:
2008 թվականի օգոստոսին ահաբեկիչները փորձ էին արել պայթուցիկ սարքավորում տեղադրել Կիսլովոդսկի Հաղթանակի պողոտայում, որտեղով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը, սակայն իրավապահ մարմինները հանցախմբի գործողությունները կանխել էին:
2009 թվականին Մեծ Նովգորոդում ձերբակալվել էր Ստավրոպոլյան երկրամասի բնակիչը, ով ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ էր պատրաստել՝ Պուտինի դեմ մահափորձ իրականացնելու համար:
Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի դեմ հերթական մահափորձը: Հանցախումբը Մոսկվայում պատրաստվում էր նախագահական ընտրություններից անմիջապես հետո պայթյունների շարք իրականացնել: Պայթուցիկ նյութերն արդեն մայրաքաղաքում էին` թաքնված Կուտուզովի պողոտայի տարածքում:
Ձերբակալված Ադամ Օսմաևը հայտարարել է, որ ահաբեկչության նախապատրաստումն արդեն ավարտված է: Նախատեսված էր պայթեցնել կառավարական ավտոշարասյունը: Ինչպես հաղորդվում է, ահաբեկիչները կարգադրությունները ստացել են չեչեն ծայրահեղականների ղեկավար Դոկու Ումարովից:










































