Israeli Aerospace Industries (IAI) ընկերությունը Ադրբեջանի հետ 1.4 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համաձայնագիր է ստորագրել:
Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է «Մարրիվ» թերթը` հղում անելով Intelligence Online կայքին: Խոսքն անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին է:
Իսրայելցի մասնագետները կմեկնեն Ադրբեջան, որպեսզի նոր ռազմական համակարգերի հետ աշխատել սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին:
Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը 2012 թվականին մտադիր է արտադրել անօդաչու թռչող սարք Aerostar և Orbiter-2M:
Դրանց արտադրությամբ կզբաղվի Baku’s Azad Systems Co ընկերությունը, որը ձևավորվել է Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների պայմանավորվածության արդյունքում: Ընթացիկ տարում նախատեսվում է արտադրել 60 անօդաչու սարք:
Երկու շաբաթ առաջ IzRus պորտալը տեղեկացրել էր այն մասին, որ IAI ընկերությունը բացել է Անօդաչու թռչող սարքերի օպերատորների ակադեմիա, որտեղ կսովորեն ոչ միայն իսրայելական բանակի, այլ նաև այլ երկրներ, ինչպես նաև` Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները:











































