Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հինգշաբթի Սև ծովում միջադեպ է գրանցվել թուրքական ու ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ: Բուլղարական մամուլի հաղորդմամբ՝ ռուսական Ту-22 ռմբակոծիչները թռչել են Սև ծովի օդային տարածքով, ինչը տագնապ է հարուցել Բուլղարիայի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերում:
Բուլղարական Novinite գործակալությունը հայտնել է, որ ռուսական 5 ինքնաթիռներ 40 կիլոմետր հեռավորությամբ մոտեցել են իրենց երկրի օդային տարածքին, ինչից հետո թուրքական երկու F-16 ինքնաթիռներ օդ են բարձրացել և սկսել են հետապնդել ռուսական ինքնաթիռներին:
Բուլղարիայի պաշտպանության նախարարության ունեցած տվյալներով էլ՝ ռուսական ինքնաթիռներն ուղևորվում էին աֆրիկյան երկրներից մեկը և չեն մտել Բուլղարիայի օդային տարածք: Փորձագետները, սակայն, չեն բացառում, որ ռուսական ինքնաթիռները զենք էին տեղափոխում Սիրիա:
Միևնույն ժամանակ, թուրքական թերթը տարակուսում է, թե ինչու են գործին միջամտել թուրքական և ոչ թե բուլղարական կործանիչները, քանի որ դեպքն առնչվել է Ռուսաստանին ու Բուլղարիային:










































