Երուսաղեմում իսրայելական բանակի և հարյուրավոր պաղեստինցիների միջև բախումներում զոհվել է 20-ամյա մի պաղեստինցի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Երեկ հարյուրավոր պաղեստինցիներ «Ալ-Ակսա» մզկիթում ուրբաթօրա աղոթքից հետո սկսել են քարեր և հրավառ նյութերով շշեր նետել իսրայելական ոստիկանության ուղղությամբ, որոնք դրան կրակահերթով են պատասխանել:
Փետրվարի 25-ին պաղեստինցիները նշում են 1994 թ. «Խևրոնի ջարդի» տարելիցը, երբ իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ բացեց Իբրահիմի մզկիթում աղոթող անզեն պաղեստինցիների վրա, ինչի հետևանքով սպանվեց 39, վիրավորվեց 125 մարդ: Դրանից հետո ևս 19 պաղեստինցիներ սպանվեցին իսրայելցի զինվորականների կողմից, որոնք ճնշում էին գրավված տարածքներում բռնկված բողոքի ցույցերը:
Գրեթե ամեն տարի այս օրը պաղեստինցիները տարերային ցույցեր են անցկացնում, որոնք հաճախ ավարտվում են իսրայելական ոստիկանության հետ բախումներով:








































