Հորդանանը պատրաստվում է Patriot հակահրթիռային 4 համալիրների միջոցով պաշտպանել Իսրայելին Սիրիայի տարածքից ռուսական արտադրության հրթիռների հնարավոր հարվածներից: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Պարբերականի տվյալներով՝ համալիրները կտեղադրվեն Հորդանանի հյուսիսում՝ Սիրիայի սահմանի անմիջական հարևանությամբ: Սիրիայի տրարածքից Իսրայելի վրա որևէ հարվածի դեպքում հակահրթիռները պետք է անմիջապես ոչնչացնեն դրանք:
Ֆրանսիական թերթը նշում է, որ նման տեղեկություն ստացել է գերմանական աղբյուրից, որն իր հերթին նշել է, որ Հորդանանին հակահրթիռային համալիրների մատակարարումն իրականացնում է ԱՄՆ-ը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ:
Միաժամանակ, Le Figaro-ի փոխանցմամբ, Իսրայելում դժգոհություն են հայտնում այդ ծրագրի վերաբերյալ՝ ենթադրելով, որ դա կարող է խախտել տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը: Սակայն Իսրայելի ռազմական հետախուզությունը չի բացառում, որ «Ասադի՝ հուսալքության հասած վարչակարգը» կարող է հրթիռային հարված հասցնել Իսրայելի ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, այդ հարձակումը կիրականացվի ռուսական արտադրության М-600 հրթիռներով:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: Սակայն նախարությունում անանուն աղբյուրները կարծիք են հայտնել, որ Հորդանանը լավ կանի՝ մտածի սեփական անվտանգության մասին՝ զգուշանալով, ի թիվս այլ հարցերի, թագավորությունում ապրող պաղեստինցիներից եկող վտանգից:









































