Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ով ներկայումս գլխավորում է ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» ակումբը, իսպանական մամուլին հարցազրույց է տվել: Մարադոնայի կարծիքով կատալոնական թիմի կազմն այնքան ուժեղ է, որ նույնիսկ Վիկտոր Վալդեսն է լավ դարպասապահ թվում:
««Բարսելոնա»-ն հզոր կազմ ունի: Նույնիսկ նրանց դարպասապահն է լավ ֆուտբոլիստ թվում: Վալդեսը շատ թույլ խաղացող է, և դա ճշմարտություն է, սակայն իր խաղընկերների կողքին նա լավ դարպասապահի տպավորություն է գործում»:
Արգենտինացին խոսել է նաև իսպանական գրանդ ակումբների գլխավոր մարզիչների մասին.
«Ես խոնարհվում եմ Մոուրինյոյի առաջ. նա և՛ հրաշալի մարդ է, և՛ հրաշալի մասնագետ: Ժոզեն աշխարհի լավագույն մարզիչն է: Նա անհայտ խաղացողին կարող է հանրահայտ աստղ դարձնել: Ես սիրահարված չեմ Մոուրինյոյին, բայց նա բացառիկ անձնավորություն է: Պեպը հրաշալի անհատականություն է, սակայն հաջողության է հասնում, քանի որ իր թիմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»:







































