Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի հետախուզությունն Իրանի վրա հարձակման կոչ է արել: Իսրայելցի ուժայինները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակը անցել է հետադարձի գիծը, ինչի համար էլ պետք է հարձակվել Իրանի վրա՝ միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելու համար:
Իսրայելական հետախուզությունում առկա աղբյուրները հայտնում են, որ հատուկ ծառայությունները հայտարարել են, թե փետրվարի 22-ից Իսրայելի դրությունը տարածաշրջանում արմատականորեն փոխվում է դեպի վատը: Այդ պլանում նրանք որպես հիմք են վերցրել մի շարք գործոններ. ԱԷՄԳ-ի պատվիրակության իրանական անհաջող այցը, որն ավարտվեց երեկ, Իրանի իշխանությունների կողմից ԱԷՄԳ-ի փորձագետների վրա դրված արգելքը՝ կապված Փարչինի ռազմական օբյեկտ այցելելու հետ, ուր Արևմուտքի կարծիքով ընթանում են իրանական միջուկային զենքի մշակման աշխատանքները, Իրանի կողմից կանխարգելիչ հարվածներ հասցնելու սպառնալիքը:
Իսրայելական հետախուզության աղբյուրը հայտնել է, որ այսօրվանից սկսած փոխվել են խաղի կանոնները: Իսրայելական հետախուզությունը եկել է այն եզրահանգման, որ Ղոմ քաղաքի մոտ գտնվող «Ֆորդո» ստորգետնյա օբյեկտում մինչև 20 տոկոս հարստացված ուրանի տեղափոխումը, ինչն արվել է հարստացման գործընթացը շարունակելու համար, զգալիորեն կրճատել է այն ժամանակը, որի ընթացքում Իրանը կարող է ստանալ մինչև 90 տոկոս հարստացված (ռազմական) ուրան:
Իսրայելի հատուկ ծառայությունները կարծում են, որ եթե Իրանում հրաման արձակվի ուրանի հետագա հարստացման մասին, ապա իրանցի գիտնականները կարող են «ռազմական» ուրան ստանալ արդեն 6 շաբաթ անց:










































