Մաշտոցի պուրակում բնապահպանները փորձում են արդարացնել իրենց տրված գրանտները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում անցկացվող նստացույցին: Նա մտահոգություն հայտնեց այն առումով, որ փորձում են երիտասարդ քաղաքապետին դեմ գործողություններ անել:
«Ես երեկ եղել եմ Մաշտոցի պուրակում և տեսել հայտնի մարդկանց, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր իրենց կարծիքն են հայտնում: Ամեն օր մենք մեր հեռուստաալիքները փոխում ենք, որպեսզի մեր երեխաները նրանց հումորը չլսեն»,- մեկնաբանեց Մ. Հարությունյանը`հավելելով, որ այդպիսի մարդիկ ավելի մեծ խնդիր են:
Ըստ նրա` նրանց դեմ պետք է պայքարել, իսկ քաղաքապետը Երևանը սիրող երիտասարդ գործիչ է:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, բնապահպանների մտահոգությունը բնական համարեց:
Ա. Մարտիրոսյանի համոզմամբ` նրանց շահագրգռությունը գրանտը չէ, ամենամեծ գրանտակերն իշխանությունն է: Նրա խոսքով` այդ շնորհիվ են նրանք կարողանում իշխանությունը պահել:
«Ես կարծում եմ, որ այն տարածքները, որոնք Աբովյան փողոցում տրվել էին էլիտար կրպակներին, նույնպես օրենքի խախտումով էին տրվել: Արա Երնջակյանն հարցնում էր՝ տասը տարի առաջ որտե՞ղ էին ակտիվիստները: Այսօր քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, իսկ տասը տարի առաջ կպայքարեինք նաև էլիտար կրպակների՝ Աբովյան փողոցում տեղադրելու դեմ»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով գալիք խորհրդարանում սերնդափոխության թեմային` Մենուա Հարությունյանն ասաց. «Եթե սերնդափոխությունը պետք է լինի ձևական, այսինքն՝ բերենք երիտասարդ պատգամավորի, որը ուրիշի փոխարեն կքվեարկի, ապա նման անհրաժեշտություն չկա»:
Ըստ նրա` անհայրենիք մարդիկ չպետք է մտնեն համակարգ, պետք է մտնեն խորհրդարան նրանք, ովքեր իրենց կյանքում ստեղծում են որևէ բան: Նա ընդգծեց, որ արհեստական սերնդափոխություն չպետք է իրականացնել:
Այս հարցի վերաբերյալ բանախոս Արմեն Մարտիրոսյանի և Մենուա Հարությունյանի տեսակետները հատվեցին:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` պետք է նկատի ունենալ այս հարցի բովանդակային կողմը:
«Ես կողմնակիցն եմ, որ ավագները մնան, նրանք կյանքի փորձ ունեն, և նրանց մոտ առաջ գնալու մղումը քիչ է. այդպես ավելի լավ գործունեություն կծավալեն: «Ժառանգության» օրինակով կասեի. մենք նոր մտածելակերպ բերեցինք խորհրդարան, եթե դրան միանան մեր գործընկերները, մենք ուրախ կլինենք»,- մեկնաբանեց պատգամավորը:










































