Ինչպես փոխանցում է Euronews-ը, ֆրանսիական մեքենաշինական հսկաներից մեկում` Renault ընկերությունում, մեծ սկանդալ է ծագել: Բանն այն է, որ ընկերության երեք թոփ-մենեջերներն էլ մեղադրվում են արդյունաբերական լրտեսության մեջ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության նորարարական հետազոտությունները, որոնք հիմնականում կապված էին էլեկտրական մեքենաների հետ, փոխանցվել են մրցակից ընկերություններին:
Renault ընկերության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ այս գործողությունները մեծ վնաս են հասցրել իրենց ռազմավարական շահերին: Այս գործի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Էրիկ Բեսոնը, որը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական պատերազմի շեմին է: «Հերթական անգամ մեր տնտեսությունը տուժել է արդյունաբերական լրտեսության պատճառով: Կառավարությունը ֆինանսավորում է նորարարական տեխնոլոգիաներ մեծ ծավալներով, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որպեսզի ընկերությունները խիստ ուշադրություն դարձնեն իրենց կոմերցիոն գաղտնիքները չտարածելուն»,- ասել է Բեսոնը:
Որոշ տվյալներով, այդ տեխնոլոգիաների գնորդը եղել է չինական մի ընկերություն։