ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կհամաձայնի ՀԱԿ-ի հետ համագործակցել, եթե ՀԱԿ ներկայացուցիչները ճիշտ ուղի բռնեն: Նրա բնորոշմամբ` ՀՅԴ-ն ընդհանրապես ԱԻՄ-ի շնորհիվ է ՀՀ-ում գործում, իսկ որոշ գիտական շրջանակներ կարծում են, որ Հայրիկյանը ազատ հայ մամուլի հիմնադիրն է:
Բանախոսը համոզված է, որ մեծամասնական և համամասնական ընտրակարգերի շուրջ ընթացող վեճն անպտուղ է, քանի որ համամասնականը մի քանի անգամ ավելի շատ է ներկայացուցչություն ապահովում, քան մեծամասնականը:
«Շամիրամ» կուսակցության շնորհիվ արձանագրվեց, որ կուսակցություններն էլ կարող են թայֆաների ծառայել»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Ըստ նրա` այս օրերի բուռն տրամադրությունները ցույց են տալիս, որ անակնկալներ են սպասվում, և ոչ մի հանճարեղ քաղաքական գործչի չի հաջողվել կանխատեսել հասարակության ընթացքը: Հայրիկյանը նշեց, թե անակնկալը նրանց համար է, ովքեր կարծում են, թե ժողովուրդն այլևս չի ընդվզի, և փողով ու իշխանությամբ ամեն ինչ կարելի է ձեռք բերել: «ԱԻՄ-ը չլիներ, դուք ո՞վ էիք»,- հայտարարեց Հայրիկյանը:
Նշելով, որ ԱԻՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանա ձայների 10-20%-ը, եթե պահպանվեն ներկա միտումները, Հայրիկյանը միաժամանակ հայտարարեց. «Ճիշտ են նրանք, որ ասում են` ընտրություն չի լինելու»:
Ի դեպ, Հայրիկյանը նկատեց, որ ներկայում շատ բան է փոխվել` նախկինում ԱԻՄ-ի համար մեկ օրում 2 մլն դրամ հավաքելը խնդիր չէր, այժմ կուսակցություններն են գումար բաժանում բնակչությանը. էլ ինչպե՞ս հավաքես:










































