Այսօր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է AПА գործակալությունը, փետրվարի 17-ին Իրանի, Պակիստանի և Աֆղանստանի նախագահները կհանդիպեն Իսլամաբադում:
Մինչ մեկնելն Ահմադինեժադը պատասխանել է լրագրողի հարցերին:
Իրանի նախագահն ասել է, որ կողմնակի ուժերը տարածաշրջանում խնդիրները լուծելու փոխարեն ավելի են բարդացնում դրանք:
«Կողմնակի ուժերի միջամտությունն առաջացրել է ավելի շատ խնդիրներ և ստեղծել է անվստահություն տարածաշրջանի երկրների միջև: Մենք առկա խնդիրները պետք է լուծենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում` պահպանելով յուրաքանչյուրի իրավունքը: Տարածաշրջանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ճանապարհներ գտնել: Տարածաշրջանի ժողովուրդները պետք է միասին ապրեն, պաշտպանեն միմյանց հետաքրքրությունները: Անհրաժեշտ է միասնական քայլեր ձեռնարկել անվստահության, ահաբեկչության, կողմնակի ուժերի գաղութարար քաղաքականության դեմ»,- ասել է Ահմադինեժադը:







































