Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 40 նահանգներում ու շրջաններում քրդերն իրականացրել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ կապված 13 տարի առաջ քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալության 13-րդ տարելիցի հետ:
Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են ազատ արձակել ցմահ դատապարտված Օջալանին՝ իշխանություններին անվանելով ֆաշիստ: Զանգվածային ակցիաներ են իրականացվել քրդաբնակ վայրերում՝ Վանում, Դողուբայազեթում, Իգդիրում, Աղրըում (Արարատ), Հաքքարիում, Յուքսեքօվայում, Կարսում, Էրզրումում, Ադանայում, Հաթայում, Դերսիմում, Ուրֆայում, Մերսինում, Բաթմանում, Ադըյամանում, Շըրնաքում:
Թուրքական ոստիկանությունն անվտանգության լայնամասշտաբ գործողություններ է նախաձեռնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը թուրքական իշխանություններին սպառնացել էր հազար տարվա պատերազմով:










































