Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման ժամանակ իր թիմի ցույց տված խաղից: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Լևերկուզենում 1:3 հաշվով պարտության մատնեց «Բայեր»-ին: Իսպանական մամուլին տված հարցազրույցում Գվարդիոլան նշել է հետևյալը.
«Երբ հակառակորդդ հավասարեցնում է հաշիվը, դժվար է գոլ խփելը: Բայց մենք լավ խաղ ցուցադրեցինք և պայքարում էինք այնպես, ինչպես «Վալենսիա»-ի հետ խաղում և «Օսասունա»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում: Հարձակման գծում իմ թիմը լավ էր գործում և բազմաթիվ գոլային պահեր էր ստեղծում: Միջազգային մակարդակով դա անելը հեշտ չէ:
Հյուրընկալվելիս 3 գոլ խփելը շատ կարևոր է: Առաջին խաղակեսում ավելի դժվար էր խաղալը, քանի որ մրցակիցը պաշտպանվում էր մեծ ուժերով: Երկրորդ խաղակեսը պատասխան խաղից առաջ պետք է օրինակ ծառայի, քանի որ տուգանային կամ անկյունային հարվածի յուրաքանչյուր խաղարկում կարող էր դարպասի գրավմամբ ավարտվել: Պատասխան խաղից առաջ մենք առավելություն ունենք, բայց գերմանացիները հավատում են իրենց ուժերին»:







































