Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ 2026 թվականի հունիսի 11-ի N 8-Ա և N 10-Ա որոշումներին, որոնք վերաբերում են Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումներին։
Հանձնաժողովն անվավեր է ճանաչել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։
Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես տվյալ տեղամասում անճշտությունների գումարային չափ։
Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315, արձանագրվել է որպես տվյալ տեղամասում անճշտությունների գումարային չափ։
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս բոլոր արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են որպես 0 (զրո)։
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։







































