Black Sabbath բրիտանական ռոք խմբի անդամները հայտարարել են, որ մտադիր են շարունակել աշխատանքներն առանց իրենց թմբկահար Բիլ Ուորդի: Այն մասին հայտնում է The Rolling Stone ամսագիրը:
Ավելի վաղ Ուորդը հայտարարել էր, որ չի կարող միանալ խմբին, քանի որ դժգոհ է պայմանագրով իրեն առաջարկվող պայմաններից: Ի պատասխան, մյուս երաժիշտները` վոկալիստ Օզզի Օզբորնը, կիթառահար Թոնի Այոմին և բաս կիթառահար Գիզեր Բաթլերը, համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ խումբը կմիավորվի առանց թմբկահարի:
«Մենք վշտացել էինք` Facebook-ից իմանալով, որ Բիլը որոշել է չմիանալ Black Sabbath-ի հետագա գործունեությանը,- նշված է հայտարարության մեջ: – Մենք այլ ելք չունենք, քան շարունակել ձայնագրվել առանց նրա, չնայած մեր դուռը միշտ բաց է նրա առաջ»:
Black Sabbath խմբի միավորման մասին հայտնի դարձավ 2011 թ.: Մասնակիցները խոստացել էին ձայնագրել նոր ձայնասկավառակ ու մեկնել շրջագայության, որի շրջանակում նախատեսված էր համերգ նաև Ռուսաստանում:
2012 թ. սկզբին Թոնի Այոմիի մոտ հայտնաբերվել էր լիմֆոմա: Երաժիշտը բուժման կուրս է անցնում Անգլիայում, ինչի պատճառով էլ խմբի ձայնասկավառակի ձայնագրությունը հարկադրված ԱՄՆ-ից տեղափոխեցին Մեծ Բրիտանիա:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է երաժիշտի հիվանդությունն ազդելու խմբի հյուրախաղերի վրա:








































