2003թ. նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ կեղծիքներով իշխանության գլուխ անցավ, իշխանությունները թերևս, արտերկրի ընտրությունների արդյունքներով` քվեարկության իրական պատկերի բացահայտմանը խոչընդոտելու ճանապարհին «լուծում» գտան:
ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված հոդված 3-ը սահմանում է «Հավասար ընտրական իրավունքը», որտեղ ամրագրված է, որ ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով, որ պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար, և որ ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:
ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով ու լրացումներով, որոնք ուժի մեջ մտան 2007-ի մարտ ամսից, արտերկրում բնակվող հայաստանցիներին փաստացի զրկեցին ընտրելու իրավունքից: ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրվեց, որ «Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում»: Օրենսդրական այս փոփոխությունները խորհրդարանն ընդունեց շատ հապճեպ՝ շահարկելով այն միտքը, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո սփյուռքը կարող է ազդեցիկ դառնալ Հայաստանի ընտրական գործընթացներում: Ներկայիս ԸՕ-ի Հոդված 9-ը` «Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները», սահմանում է, որ նշվի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն:
2007-ին ԸՕ-ի փոփոխությունը պաշտպանողները այդ օրերին հիմնավորումներ էին բերում, թե քաղաքացին պետք է գա Հայաստան ու այստեղ, եթե ունի մշտական հաշվառում, քվեարկի, և ՀՀ այն քաղաքացիները, որոնք բնակվում են այլ երկրում և Հայաստանում չունեն մշտական հաշվառում` չեն կարող մասնակցել քվեարկությանը, որովհետև ընտրողների ցուցակները կազմվում են ըստ հաշվառման հասցեների, իսկ եթե հաշվառման հասցե չունեն` նշանակում է չեն կարող ընդգրկվել ընտրողների ցուցակում:
2007-ի մայիսի 12-ին պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, և այստեղ լիովին հասկանալի էր իշխանությունների շտապողականությունը: Սակայն այսօր արդեն անցել է գրեթե հինգ տարի, և օրվա իշխանությունները, որոնք Քոչարյանի իշխանավարման տարիների սխալներն են երբեմն մատնանշում, հարց է ծագում` ինչո՞ւ չեն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը իրացնելու ուղղությամբ մտածում… Արդյոք պատճառն ա՞յն չէ, որ արտերկրի քվեարկությունների արդյունքները, ինչպես եղավ 2003թ. նախագահական ընտրություններում, օրինակ, Միացյալ Նահանգների պարագայում` ի ցույց են դնում իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև ձայների ազդեցիկ տարբերությունը:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ: Նրան խնդրեցինք պարզաբանել և գնահատել այն, որ մինչ այժմ ԸՕ-ի համապատասխան կետը փոխելու մտադրություն չկա: Արտակ Զեյնալյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փաստորեն մարդկանց գործուղում են արտերկիր` դիվանագետներին, զինվորականներին, սակայն չեն երաշխավորում նրանց ընտրական իրավունքը, ընտրատեղամասեր չեն ձևավորում նրանց համար: «Փաստորեն չի երաշխավորվում քաղաքացիների ակտիվ ընտրական իրավունքը, որոնք գործուղված են այլ երկրներ, օրինակ` դիվանագետները, խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականները: Եվ այն հիմնավորումը, թե ՀՀ քաղաքացիները, եթե ժամանեն Հայաստան, ապա կկարողանան քվեարկել` իրատեսական չէ, որովհետև դա ձևական փաստարկ է, քանի որ եթե անգամ այդքան մարդ ժամանի` չես կարող ապահովել նրանց ընտրական իրավունքը»: Զեյնալյանի համոզմամբ, իշխանությունները օրենքի այս դրույթով նպատակ են հետապնդել ԱՄՆ-ում քվեարկության արդյունքները թաքցնել, որոնցով իրական պատկեր է ներկայացվում:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ արժե ԸՕ-ում փոփոխվել նշյալ կետը և հավելեց, թե չի կարծում, որ այդ հարցը վերանայվի: Նրան հարցրի` արդյոք չի՞ խախտվում ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը: «Ո՛չ», պատասխանեց Դ.Հարությունյանը: Ես ՀՀ քաղաքացի եմ, և ինչո՞ւ չպետք է քվեարկեմ, եթե գտնվում եմ արտերկրում` հարցրի:
Դ.Հարությունյանը, սակայն, հակադարձ հարց տվեց. «Նախկինում դեսպանատներում էին քվեարկում, իսկ այն երկրներում, որտեղ դեսպանատուն չկար` մարդու իրավունքների խախտում չէ՞ր… Ոչ մի երկիր պատրաստ չի այդ ընտրությունները կազմակերպել ամեն օր, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում դեսպանատունը»:











































