Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետարանը փետրվարի 2-ին քանդել է Մալաթիա քաղաքի հայկական գերեզմանատանը գտնվող մատուռը: Վերջինս ավելի վաղ որոշակիորեն տուժել էր ճանապարհային աշխատանքների ժամանակ, սակայն Մալաթիայի հայերի միության (HAYDER) միջոցներով սկսել էին մատուռի վերականգնման աշխատանքները:
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցում Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը հայտարարել է, որ իրենք պլանավորել էին քանդել միայն մատուռի տանիքը, սակայն քաղաքապետարանի աշխատակիցների ու աշխատավորների բրիգադի միջև փոխըմբռնման բացակայության արդյունքում մատուռը հիմնահատակ ավերվել է:
Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավթիօղլուն հայտարարել է, որ իրենց անասելի ցավ է պատճառել դա, քանի որ այդ մատուռը քանդվում է արդեն երկրորդ անգամ: Նա հավելել է, որ մատուռի վերականգնման համար իրենք համապատասխան թույլտվություն ունեին:






































