Սուրբ Սարգիսը Հայ առաքելական եկեղեցու սրբերի մեջ ամենաբարդ կերպարներից է մի քանի իմաստով՝ թե՛ որպես կանոնիկ քրիստոնեական սուրբ, թե՛ ժողովրդական պատկերացումների առումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Նրա խոսքով՝ առաջին բարդությունն այն է, որ այս տոնն ու դրան նախորդող Առաջավորաց պահքը ամբողջ քրիստոնեական աշխարհում միայն Հայ առաքելական եկեղեցին է նշում ու միշտ կոնֆլիկտ է ունեցել եկեղեցական այլ ուղղությունների հետ, որոնք դրանում տեսել են Հայ առաքելական եկեղեցու ոտնձգությունը։
Քրիստոնեական կերպարին զուգահեռ, ըստ ազգագրագետի, ձևավորվել է սրբի ժողովրդական կերպարը։ Սուրբ Սարգսին վերագրվել են մի շարք զորություններ, օրինակ՝ Հայաստանի դեպքում նրան վերագրվել է խիստ մեծ նվիրյալություն ազգային արժեքներին, նաև քրիստոնեությանը, և ավանդազրույցներում նա միշտ կռվել է հույների, վրացիների, այսինքն՝ այլադավանների հետ։
Սբ. Սարգիսը, համաձայն ժողովրդական հավատալիքների, տիրապետում է բնության ուժերը սանձահարելու զորությանը։ Դժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ միշտ օգնության են կանչել սրբին։ Ավանդույթներում, աղոթքներում մարդիկ նրան բնորոշել են որպես «բարի, արդարամիտ»։
Այսօր առավել տարածված է այն պատկերացումը, թե Սուրբ Սարգիսը պատրաստակամ է օգնել սիրահարներին՝ հակառակ միջնադարյան պատկերացումների, երբ սիրահարվելը համարվում էր համարյա մեղք։
Սուրբ Սարգիսը միակն էր մեր ժողովրդական ընկալումներում, որը երիտասարդների իղձերի կատարողն էր սիրո հարցում։ Շատ պատմություններ կան, թե նա ինչպես է օգնության հասնում սիրահարներին, նրանց օգնում, փրկում՝ տանելով իր ձիու գավակին նստեցրած, մեղմում ծնողների զայրույթը, պատսպարում նրանց։
«Երիտասարդները շատ հաճախ իրենց աղոթքներում ու երգերում նրա այս կարողությանն են դիմում։ Նույնկերպ ծնողներն են դիմել նրա օգնությանը»,- նշեց նա։
Սուրբ Սարգսի կերպարը սկզբունքորեն արդարամիտ, երիտասարդների սիրո բարեխոս լինելու, սիրահարներին իրենց նպատակին հասցնելու, հայ ժողովրդին ու Հայաստանին օգնելու, այլևայլ չարիքներից ազատելու կերպարի մարմնավորումն է։











































