Այսօր կառավարության նիստի հավանությունն են ստացել սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնց համաձայն այս տարի ակնկալվում է 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։ «Սա մեր հաջողված ծրագրերից է, և եթե տարվա ընթացքում ունենանք խնայողություններ, կարծում եմ, որ պետք է անդրադառնանք այս ծրագրին` ավելացնելով ֆինանսավորման ծավալը և փորձենք նաև կրկնապատկել մասնակիցների քանակը»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ կանոնակարգում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը, այդ հաստատություններում բացառում ծնողներից անհարկի տեղեկանքների պահանջը։ Վարչապետը նշել է այս դրույթի, ինչպես նաև դրա վերաբերյալ բնակչությանն իրազեկելու կարևորությունը։
Գործադիրը որոշել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կինոթատրոնի շենքը մասնավորեցնել մրցույթով, վաճառքի գնի 70 տոկոսն ուղղել ՀՀ պետբյուջե, իսկ 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե։
Կառավարության երեք որոշմամբ Երևան քաղաքի Աճառյան 20/3, Մոլդովական 12/1, Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 հասցեներում գտնվող տարածքները սեփականության և անհատույց, անժամկետ օգտագործման, ինչպես նաև բաժնային սեփականության իրավունքով հատկացվել են այնտեղ բնակվող կարիքավոր քաղաքացիներին` ընդհանուր թվով 10 անձի։






































