Mirror Football-ի տեղեկացմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Անդրես Լինդեգորը, ով ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպում է անցկացրել, բաց կթողնի մոտ 4 շաբաթ:
Դանիացին վնասվածք էր ստացել դեկտեմբերի 29-ին և չի մասնակցել «մանկունիանցիներ»-ի վերջին երկու հանդիպումներին` «Լիվերպուլ»-ի (1:2) և «Ստոք Սիթի»-ի (2:0) հետ: Սպասվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմ կվերադառնա մինչև «Չելսի»-ի հետ հանդիպումը, սակայն երկուշաբթի օրը տեղի ունեցած մարզման ժամանակ նա կրկին վնասվածք է ստացել:
Վերականգնման համար մեկ ամիս կպահանջվի, ինչի պատճառով Լինդեգորը չի մասնակցի «կարմիր սատանաներ»-ի` Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Չելսի»-ի, «Լիվերպուլ»-ի, «Նորվիչ»-ի հետ հանդիպումներին: Դանիացին չի մասնակցի նաև Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչի` փետրվարի 16-ին և 23-ին կայանալիք «Այաքս»-ի հետ հանդիպումներին:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 23 հանդիպումից հետո 54 միավորով առաջին հորիզոնականը կիսում է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:






































