PC համակարգիչների համար վիրուսային նոր վտանգ է հայտնվել, որը հանդես է գալիս էլեկտրոնային նամակների տեսքով, բայց դրանք վտանգ են ներկայացնում, եթե անգամ օգտատերը չբացի կցված փաստաթուղթը:
Daily Mail-ը գրում է, որ օգտատերն անգամ ոչ մի զգուշացում չի ստանում վիրուսի մասին: Էլեկտրոնային նամակն ավտոմատ կերպով ներբեռնում է վտանգավոր ծրագիրը համակարգչի մեջ այն ժամանակ, երբ օգտատերը բացում է այն:
Էլեկտրոնային նամակներն իրենք վնասակար չեն, և այդ պատճառով համակարգիչների պաշտպանական համակարգերը չեն կարող հայտնաբերել դրանք:
Անվտանգության փորձագետներն ասում են, որ այսպիսի վիրուսները հատկապես վտանգավոր են: Նախկինում էլեկտրոնային նամակների միջոցով տարածվող վիրուսները վնասում էին համակարգչին, եթե օգտատերը բացում էր կցված փաստաթուղթը կամ հղումը: Իսկ այժմ անգամ զգույշ լինելը և կասկածելի փաստաթղթերը չներբեռնելը չի օգնի պաշտպանել համարգիչը:
Այժմ տարածված նման էլեկտրոնային նամակները հիմնականում բանկային հաշվեհամարի մասին են լինում, և փորձագետները խորհուրդ են տալիս ծայրահեղ զգույշ լինել անծանոթ հասցեներից էլեկտրոնային նամակներ ստանալիս:











































