ՄԱԿ-ի Միջուկային հարցերով գործակալության գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսն Իրանում երկրի միջուկային ծրագրի շուրջ անցկացված եռօրյա բանակցություններից հետո ասել է, որ Իրանում դեռ շատ անելիքներ կան: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»–ը։
Նա նաև ասել է, որ բանակցությունների երկու կողմերն էլ պարտավորվել են լուծում գտնել չլուծված խնդիրներին, և մոտակա ապագայում տեսուչները ծրագրում են ևս մեկ այցով վերադառնալ Իրան:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բարձրաստիճան վեց տեսուչներից կազմված թիմը հանդիպում է անցկացրել Իրանի պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են երկրի միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող հարստացման աշխատանքների արդյունքների միջուկային զենք ստեղծելու համար օգտագործման մասին մտահոգությունները:
Երկրի իշխանությունները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ «կառուցողական» որակավորելով ընթացող բանակցությունները:
Իրանի լրատվամիջոցները վկայում են, որ նշված գործակալության տեսուչները չեն այցելել միջուկային որևէ օբյեկտ, այլ քննարկել են միայն տեխնիկական և իրավական հարցեր:
Չնայած այս ամենին՝ ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։ Երկրի օրենսդիրները երեքշաբթի օրը ներկայացրել են մի օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Իրանի պետական նավթային և տրանսպորտային ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել բանկային էլեկտրոնային համակարգ մուտք գործելու Իրանի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ըստ Իրանի՝ միջուկային իր ծրագիրը նախատեսված է խաղաղ նպատակների համար:









































