Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկանում մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է զբաղեցնել ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Եթե փաստեր, հայտարարություններ կան, խնդրեմ, կփորձեմ մեկնաբանել, բայց բազմիցս ասել եմ, որ շրջանառվող խոսակցություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում: Մամուլում այնքան բան է գրվում, հետո էլ՝ հերքվում: Այս անգամ լուրը թող առանց ինձ հերքվի կամ չհերքվի, ես դրա մեջ որևէ բարդություն չեմ տեսնում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Այն հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ ինքը թեմայի առնչությամբ որևէ ասելիք չունի, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև չեք կարող ասել որևէ փաստ, որի շուրջ ես ինչ-որ մեկնաբանություն կանեմ: Կա ընդամենը շրջանառվող խոսակցություն է, որը, երևի, ինչ-որ մեկը հորինել է, հերթական անգամ գրել այդ մասին: Հիմա ես ժամանակ չծախսեմ մեկնաբանության վրա, կարծում եմ՝ անիմաստ է»:
Նշենք, որ լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է զբաղեցնել ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը:











































