Ընտրողների լրացուցիչ ցուցակներում կլինեն ընտրակեղծիքներ ավանդական հայկական տարբերակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադևոսյանը:
«Լրացուցիչ ցուցակները, որպես կանոն, օգտագործվում են հարևան գյուղերից մարդկանց բերելու և ընդգրկելու համար: ՏԻՄ ընտրությունների ժամանակ բազմաթիվ նման դեպքեր արձանագրվեցին: Դա նոր մեթոդ չէ, դրանք մեզ վաղուց ծանոթ ճանապարհներ են` հին ավանդական և հայկական»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Այն հարցին, թե երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի իրացման ճանապարհին ի՞նչ մտահոգություններ է տեսնում, նա պատասխանեց, որ երկքաղաքացիների մասին որևէ դրույթ Ընտրական օրենսգրքում չկա:
Հիշեցնենք, որ այն անձինք, ովքեր ունեն երկքաղաքացիություն և բնակվում են Հայաստանում՝ հաշվառված են, ունեն ընտրելու իրավունք, իսկ այն անձինք, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս՝ չեն կարող ընտրել: Նրանք կարող են Հայաստանում գտնվելով ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում և ընտրելու իրավունք ստանալ:
«Լրացուցիչ ցուցակների կազմման հարցում կեղծարարները ոչ մի խնդիր չունեն: Նրանք կարող են ցանկացած մարդու բերել հարևան հանրապետություններից` ԼՂՀ, Վրաստան: Կարիք չկա դրա համար երկքաղաքացիություն ունեցողների բերել: Ենթադրենք՝ երկքաղաքացին բնակվում է Գերմանիայում, ինչու նա պետք է հասնի այստեղ ընտրություն անելու համար, կամ այդպիսի բան հնարավո՞ր է»,- ասաց Զ. Թադևոսյանը: Ըստ նրա, իշխանությունները կօգտագործեն ավանդական կեղծարարության ռեսուրսը:









































