Լրագրողների ամերիկյան միությունը (BWAA) ամփոփեց 2011 թվականի աշխարհի լավագույն բռնցքամարտիկի որոշման նպատակով կազմակերպված քվեարկության արդյունքները: Առաջին տեղը գրավեց 27-ամյա Անդրե Ուորդը` առաջ անցնելով մյուս հավակնորդներից, այդ թվում և գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոյից: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ուորդը մինչև 76.2 կգ քաշային կարգում հանդիսանում է WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն: 2011 թվականին Անդրեն անցկացրել է 2 մենամարտ` մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով համապատասխանաբար Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի նկատմամբ: Այդ մենամարտերը տեղի ունեցան Super Six World Boxing Classic մրցաշարի շրջանակում, որի հաղթող դարձավ Ուորդը: Իր մարզական կարիերայի ընթացքում 27-ամյա բռնցքամարտիկն անցկացրել է 25 մենամարտ և առայժմ անպարտելի է:








































